ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է․․․

Ապրիլ 14, 2018 gayane

    Ես Մնացական Եսայանն եմ, ապրում եմ Երևանում հայրիկիս, տատիկիս և եղբորս` Գագիկի հետ:  Երբ ես հինգ տարեկան եմ եղել, իսկ եղբայրս՝ երեք, մայրս մեզ լքել է՝ թողնելով տատիկիս խնամքին: Հայրս հոգեկան լուրջ խնդիրներ ունի և ունակ չէ մեզ  համար  պատշաճ խնամք տանելու և մեզ դաստիարակելու:

    Մենք չենք մեղադրում մեր մայրիկին, սակայն շատ  անգամներ ենք զգացել նրա սիրո և ջերմության պակասը, որը ոչ ոք չէր կարող լրացնել: Տատիկս իր հնարավորության սահմաններում ամեն բան անում էր մեզ համար, բայց, միևնույնն է, մեր կյանքում կային շատ բացթողումներ` հիմնականում ուսման հետ կապված: Տատիկիս հիմնական հոգսը մեզ ամենօրյա հացով ապահովելն էր, որ գոնե քաղցած չպառկեինք քնելու, իսկ մեր դասերը նրա համար այնքան էլ կարևոր չէին: Մենք հաճախում էինք դպրոց մեծ դժվարությամբ` դասերին անպատրաստ: Դպրոցը մեզ համար ամենատհաճ վայրն էր աշխարհում. չէինք սիրում սովորել և ուսումնական ծրագրից շատ ետ էինք մնացել: Դասարանում ուսուցիչները մեզ չէին նկատում և մեզ վրա ուշադրություն չէին դարձնում: Քանի որ չէինք կարողանում սովորել, մեզնից ընդամենը պահանջում էին դասերին լուռ նստել, որպեսզի վերջում, երեքներ նկարելով, մեզ փոխադրեին հաջորդ դասարան: Ես արդեն 7-րդ դասարանում էի, իսկ եղբայրս՝ 5-րդ, բայց նույնիսկ հայերեն  կարդալուց դժվարանում էինք, դեռևս որոշ տառեր կային, որ շփոթում էինք, բազմապատկման աղյուսակը չգիտեինք, իսկ օտար լեզվի մասին էլ չեմ խոսում: Մենք համակերպվել էինք «Դասարանի ծույլիկ աշակերտի» կոչմանը: Վստահ էինք, որ այլևս ոչինչ չէինք կարող փոխել:

Շուտով տատիկս սկսեց հաճախել «Կյանքի Խոսք» եկեղեցի, տեղեկացավ Գթության ծառայության Զարգացման կենտրոնի մասին և խնդրեց, որ մեզ էլ ընդգրկեն այնտեղ: Կենտրոնը հենց առաջին օրից մեզ շատ դուր եկավ. ճիշտ է մեծ դժվարությամբ էինք սովորում, բայց ուսուցիչների նվիրումն ու սերը մեր նկատմամբ մեզ ստիպեցին ամեն բան սկսել սկզբից:

Այժմ կարողանում ենք կարդալ և գրել ոչ միայն հայերեն, այլ նաև ռուսերեն և անգլերեն: Զարգացման կենտրոնում հասկացանք, որ մենք որբ չենք, ունենք Երկնային Հայր, ով սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին: Հասկացանք նաև, որ մեզ համար ուշ չէ, և եթե ջանք անենք, հաջողության կհասնենք. անհնարին ոչինչ չկա:

Մենք ամեն օր հաճախում ենք Կենտրոն: Մասնագետներն առանձին աշխատում են մեզ հետ, որպեսզի հասնենք մեր հասակակիցներին, որոնցից շատ ետ էինք մնացել: Արդեն դպրոցում առաջադիմություն ունենք, մեր սերն ուսման նկատմամբ վերականգնվել է, սիրով ենք հաճախում դպրոց, անպայման պատրաստում ենք դասերը:

Զարգացման կենտրոնում բազմակողմանի կրթություն ենք ստանում. սովորում ենք տիկնիկագործություն, հարթաքանդակ, նկարչություն, գիտելիք ենք ձեռք բերում մեզ շրջապատող զարմանահրաշ աշխարհի մասին, խաղում ենք ներկայացումներում, մասնակցում տարբեր հետաքրքիր միջոցառումների, որոնցից միշտ զրկված ենք եղել:

Կենտրոնում փոխվեց մեր կյանքի ընթացքը, աշխարհայացքը: Մենք հիմա երջանիկ ենք: Հավատալով Աստծուն` այժմ ավելի մեծ բաների մասին ենք  երազում և սպասում ենք, որ կգա այն հրաշալի օրը, երբ կտեսնենք մեր մեծ երազանքներն իրականացված: Շնորհակալ ենք Տիրոջից` մեզ ընձեռած մեծ հնարավորության համար:

Կարդալ: Russian English