ԵՐԱԶԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԻ ՄԱՍԻՆ

Մայիս 6, 2018 gayane

    Հերոսուհու անունը փոխված է: Ես Ռիտան եմ, 16 տարեկան: Իմ մանկության օրերը հագեցած չեն  եղել լուսավոր ու բազմագույն երանգներով: Ծնվել ու ապրել եմ ոչ հոգևոր ընտանիքում: Չնայած ծնողներս կողքիս էին, ունեցել եմ որբության զգացում:

               Մեր տանը գրեթե միշտ վեճեր և կռիվներ էին, որոնց հիմնական հրահրիչները տատիկս և հորեղբայրս էին: Դժվար է, երբ տեսնում ես, թե ինչպես է հայրդ ուրիշի ազդեցության տակ ծեծում մայրիկիդ, ով ոչ մի վատ բան չի արել: Երբ մենք` ես ու եղբայրս, փորձում էինք օգնել նրան, հորեղբայրս  նույնիսկ ինձ վրա էր ձեռք բարձրացնում: Մեր տանը գրեթե միշտ քաոսային իրավիճակ էր, մթնոլորտը` լարված:  Ահով ու վախով էինք ապրում,  շատ հաճախ ծեծով ու լացով լուսացնում հավերժություն թվացող գիշերները:

              Եկավ մի օր, երբ հերթկան կռվի ժամանակ հայրս մայրիկիս փակեց նկուղում` զրկելով նրան հացից, ջրից ու մեզ հետ հաղորդակցվելուց: Դրանով փորձում էր մայրիկիս ավելի ստորացնել: Մեզ թույլ չէր տալիս հոգ տանել նրա մասին, բայց ես, բոլորից գաղտնի, կերակուր էի տանում նրան: Այդ անմարդկային վիճակը շարունակվեց մի քանի օր: Վերջապես, մի օր ես ու մայրս կարողացանք փախչել սեփական ընտանիքի գերությունից: Եղբայրս մնաց նրանց հետ:

             Տեղափոխվեցինք Երևան: Թաքնվելով մեր ընտանիքից` պատսպարվեցինք մի խոնավ ու մութ սենյակում: Մեզ միայնակ ու լքված էինք զգում: Մայրս չէր կարողանում հաղթահարել որդու կարոտը. հայրս արգելել էր նրան շփվել մեզ հետ: Մենք նրանց համար արդեն գոյություն չունեինք: Այդ ծանր իրավիճակում մեր հույսը միայն Աստված էր: Ամեն օր աղաղակում էինք, որ մի դուռ բացվի: Թե´ ես, թե´ մայրս լցված էինք վախով: Ինքնուրույն քայլ անելը չափազանց դժվար էր:Ես շատ էի վախենում մարդկանց հետ շփվելուց, անընդհատ վտանգ էի սպասում: Ուսման մեջ ունեի լուրջ բացթողումներ: Կարդալն անգամ ինձ համար դժվար էր: Չունեի սովորելու ցանկություն:

            Մորաքրոջս հետ սկսեցինք հաճախել «Կյանքի Խոսք» եկեղեցի. մեր կյանքը հիմնովին  փոխվեց: Մայրս, աստիճանաբար իր մեջ ուժ գտնելով, սկսեց աշխատել և հոգալ մեր ամենաանհրաժեշտ  կարիքները: Գալով եկեղեցի` մենք տեղեկացանք  Սոցիալական ծառայության Զարգացման կենտրոնի մասին: Մեզ ընդգրկեցին կենտրոնում:  Ինձ հետ անհատական սկսեցին աշխատել հոգեբաններ: Ես ամեն օր զգում էի, թե ինչպես է Աստված վերականգնում ինձ: Այստեղ, ամենակարևորը, հասկացա, որ ունեմ Հայր, ով սիրում է ինձ, երբեք չի թողնի և հոգ կտանի իմ մասին:  Կենտրոնում սիրո և ջերմության այնպիսի մթնոլորտ էր, որ ինձ երջանիկ ու կարևոր էի զգում, ինչը երբևէ չէի զգացել և ոչ մի տեղ: Մինչ այդ այնպիսի զգացում ունեի, թե ոչինչ չեմ կարողանում անել,  թույլ եմ, ետ եմ մնում իմ հասակակիցներից: Կենտրոնոմ հաղթահարեցի նաև դա: Ինձ նույնիսկ արգելել էին ասել «ինձ մոտ չի ստացվի» արտահայտությունը: Սկսեցի մեծ ուրախությամբ մասնակցել կենտրոնում գործող բոլոր խմբակներին, միջոցառումներին, ներկայացումներին: Այդ ամենն ինձ համար երազանք է եղել: Այժմ կյանքս այլ կերպ չեմ պատկերացում: Կենտրոնում ամեն բան այնքա՜ն հարազատ է ինձ: Աստծո մեծ սերը, որ փոխանցվում էր ամեն ծառայողի միջոցով, ինձ օգնեց ազատվելու տարիներ ձգվող բարդույթներից: Ես կորցրել էի սերը,  հավատն ու վստահությունը մարդկանց նկատմամբ,  դարձել էի ինքնամփոփ, չշփվող, նաև շատ ամաչկոտ: Բժշկարար աղոթքների օգնությամբ այդ ամենը հեռացավ ինձնից: Սկսեցի սիրել մարդկանց, ինձ շրջապատող աշխարհը: Այժմ սովորում եմ քոլեջում, ունեմ գիտելիքների մեծ պաշար և որոշել եմ լավ մասնագետ ու պիտանի մարդ  դառնալ:

            Կենտրոն հաճախելով` ես սովորեցի երազել անհնարինի մասին. չէ՞ որ ամեն բան հնարավոր է Հիսուս Քրիստոսով: Նրա շնորհիվ վերականգնվեց նաև մայրիկիս կոտրված սիրտը. նա այսօր կարողանում է տեսնել եղբորս, փոխանցել իր սերն ու կարոտը: Աստծո սերն ու ողոմությունը տեսանելի և շոշափելի են մեր կյանքում: Անսահման շնորհակալ եմ Նրանից` մեր Ամենակարող Տիրոջից:

Կարդալ: Russian English