Հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ դրանց հավատում են:

Ապրիլ 12, 2018 gayane

Հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ դրանց հավատում են:

Ես Միքայել Քոչարյանն եմ: Ծնողներս աստվածապաշտ են:  Ուզում եմ պատմել իմ կյանքում կատարված հրաշքի մասին:

Տարիներ առաջ, երբ արդեն 7 տարեկան էի, և ծնողներս նախապատրաստում էին  անհրաժեշտ փաստաթղթերը` ինձ  դպրոց ընդունելու համար,  բժշկական հետազոտության ժամանակ պարզվեց, որ աչքերս շատ վատ են տեսնում, ինչը չէին նկատել նույնիսկ ծնողներս: Բժիշկը մեզ  հայտնեց, որ աջ աչքս տեսնում է ընդամենը 30 տոկոսով, իսկ ձախը` 20 տոկոսով: Ինձ մոտ հայտնաբերվեց նաև աստիգմատիզմ հիվանդությունը, որը, ըստ  բժիշկների, անհնար էր բուժել: Հիշում եմ, թե ինչպես հիվանդանոցում ինձ ասացին, որ ամբողջ կյանքում պետք է ակնոց դնեմ, բժիշկների մշտական հսկողության տակ լինեմ, և եթե նույնիսկ տեսողությունս լավանա, միևնույնն է, այդ հիվանդությունը ինձ ամբողջ կյանքում կուղեկցի:

Ես ծնողներիս հետ միշտ եկեղեցի էի հաճախում: Այդ ժամանակ դեռ շատ փոքր էի, որ աղոթքով պայքարեի հիվանդության դեմ, սակայն իմ փոխարեն դա անում էր մայրս. նա ջանասիրաբար, մեծ սիրով ու հավատքով աղոթում էր ինձ համար: Ամեն անգամ, երբ եկեղեցում հիվանդների համար աղոթք էր լինում, մայրս ձեռքը դնում էր գլխիս և ինձ համար բժշկություն էր խնդրում`  հավատալով, որ Տերը կարող է բժշկել:

Շուտով եկավ սեպտեմբերի 1-ը, և ես գնացի դպրոց` արդեն ակնոցով: Համադասարանցիներս ինձ ծաղրում էին, տարբեր մականուններ էին տալիս` «Քոռ», «Շուրիկ» և այլն: Այդ ամենը ինձ շատ էր վշտացնում: Ես թերարժեքություն էի զգում:  Գրեթե ամեն օր մայրս ինձ հետ դպրոց էր գալիս, զրուցում ուսուցչուհուս, համադասարանցիներիս հետ,  որպեսզի ինձ չնեղացնեն, սակայն ապարդյուն:

         

Տարիներ անցան, և եկեղեցական ծառայություններից մեկի ժամանակ, երբ կրկին առաջ կանչեցին բոլոր հիվանդներին, որպեսզի աղոթեն նրանց համար, ես նույնպես վազեցի առաջ` ստանալու իմ բժշկությունը: Այդ օրը, երբ տուն եկանք, ես հայտարարեցի, որ այլևս ակնոց չեմ դնելու: Իմ հայտարարությունից ծնողներս շատ վախեցան, սկսեցին ինձ հորդորել, որ համբերեմ գոնե մինչև հերթական ստուգումը: Սակայն ես որոշել էի, որ դա վերջին օրն էր: Այդ ժամանակ ես ընդամենը 10 տարեկան էի: Որոշ ժամանակ անց  մենք կրկին գնացինք հերթական ստուգումների: Հետազոտման ժամանակ բժիշկը հանկարծ շփոթվեց և զարմացած ասաց. «Ձեր որդու տեսողությունը  վերականգնվել է 100 տոկոսով. ակնոցն  իր օգուտը տվեց»: Ես անմիջապես ասացի, որ երկար ժամանակ է, ինչ ակնոց չեմ դնում, և դա Աստծո հրաշքն է. Նա է, որ ինձ բժշկել է: Ամենազարմանալին  այն է, որ վերացավ նաև ասիգմատիզմը`այն հիվանդությունը, որն անբուժելի էր համարվում:

Այն, ինչ անկարելի է բժիշկների համար, հնարավոր է Տիրոջ համար:

Կարդալ: Russian English