ԴՐՎԱԳ ԱՎԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԾՎԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ

Կարդալ ավելին

ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

ԴՐՎԱԳ ԱՎԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԾՎԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ

Այսօր մի հետաքրքիր երազ տեսա: Մի հոգնած ավանակի հարցնում էի. «Սիրելի՛ իշուկ, դու գիտե՞ս արդյոք, թե որքան չքնաղ վայրեր, գեղեցիկ շինություններ, իրեր ու գլուխգործոցներ կան քո շուրջը և, ընդհանրապես, աշխարհում: Այն ամենը, ինչ արարվել է Աստծուց, անձեռակերտ է, բացառիկ գլուխգործոց՝ լինի ծաղիկ, օվկիանոս, աստղային երկինք, թե մայրամուտ: Մարդը նույնպես շա՜տ հրաշալիքներ է ստեղծել: Դու երբևէ մտածե՞լ ես դրա մասին: Դու այնքա՜ն խոնարհ ես: Քո աչքերը միշտ հառած են գետնին: Խոնարհությունը, այո՛, կարևորագույն և օգտակար հատկանիշ է, բայց կյանքում ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Մարդիկ շահագործում են քո խոնարհությունը: Դու պիտի մտածես դրա մասին: Դու պիտի բարձրացնես քո աչքերը:

Գիտե՞ս, օրեր առաջ զմայլված դիտում էի սպիտակագլուխ արծվի թռիչքը և նրան հարցրի. «Աստծո հրաշալի ստեղծագործությո՛ւն,  դու մշտապես վայելում ես կյանքը և այն ամենը, ինչ գեղեցիկ է ու կատարյալ: Դու վայելում ես երկինքը, փայլող արևը, ժայռերն ու բարձրագլուխ սարերը: Ինչո՞ւ երբեք վախ չեմ տեսել քո աչքերում»:

«Որովհետև ես սավառնում եմ երկնքում: Իմ աչքերը մշտապես ուղղված են անսահմանությանը: Իմ թռիչքը յոթ կիլոմետր բարձր է երկրից: Ես հաղթահարում եմ նույնիսկ փոթորիկները: Թեկուզ փետուրներս վնասվում են, բայց ես հաղթում եմ և սավառնում փոթորիկների վրայով: Ոչինչ չի կարող սահմանափակել իմ թռիչքը: Ազատություն և խիզախություն կա իմ ներսում: Եվ իմ աչքերում դու տեսնում ես այն, ինչ կա իմ ներսում»:

Իշուկը լուռ ու մտախոհ լսում էր:

Ես արթնացա: Երազս երկար խորհելու առիթ տվեց: Մենք պետք է ունենանք ժամանակի գիտություն և չափի զգացում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, նույնիսկ՝ խոնարհությունն ու աշխատասիրությունը: Անսկզբունքային խոնարհությունը շահագործվելու վտանգ է ստեղծում: Չափից դուրս աշխատանքը մարդուն գամում է գործին ու նրան զրկում Աստծո հետ հաղորդակցվելու և կյանքը վայելելու բերկրանքից: Եթե ցանկանում ենք լինել հաջողակ, չպետք է կենտրոնանանք դժվարությունների, բամբասանքների, արգելքներ ստեղծող պատնեշների վրա: Մեր առջև դրված գործը սահմանված ժամանակահատվածում անելու համար պիտի կարողանանք ճեղքել փոթորիկները և սավառնել երկնքում: Թեև հորիզոնը երկնքի ու երկրի հատման կետում  սահմանագիծ է դառնում, բայց Աստծո մեջ ճախրանքը սահմաններ չի ճանաչում:

Կարդալ: Russian English