Հայաստանի “Կյանքի Խոսք” եկեղեցու “Գնացեք, տեսեք…” գթության ծառայությունը հիմնվել է 1992 թվականին:
Հայաստանի համար դա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն տապալվել էր կոմունիստական հասարակարգը, ձևավորվում էր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, շարունակվում էր Ղարաբաղյան պատերազմը, որի պատճառով Հայաստանը շրջափակման մեջ էր: Գործարանները փակվել էին, էլեկտրականության բացակայության պատճառով հանրապեությունը ընկղմված էր խավարի մեջ:
Երևանը և նրա մերձակա շրջանները լի էին Ադրբեջանից գաղթած հայերով և 1988 թվականի “Սպիտակի երկրաշարժից” տուժածներով (երկրաշարժի պատճառով Հայաստանն ունեցավ բազմահազար զոհեր, հիմնահատակ ավերվեցին 3 քաղաք և բազմաթիվ գյուղեր): Համատարած սով էր, գործազրկություն, հացի շուրջօրյա հերթեր:
“Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսեք… ” Մարկոս 6.30-44
Ծառայությունը պիտի հիմնադրեր և ղեկավարեր մեկը, ով կունենար վիրտուալ մտածելակերպ, քանի որ ի տարբերություն Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների, որոնք օգնություն էին ստանում արտերկրից, այս ծառայության ֆինանսավորումը պետք է իրականացներ շրջափակման մեջ գտնվող և սովի մատնված հայ ժողովուրդը` իր նվիրատվություններով:
Ծառայության ծնունդի առաջին օրը եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը, հանդես գալով եկեղեցու առջև, քարոզեց Մարկոս 6.30-44 խոսքերը, որտեղ նկարագրված է այն պատմությունը, թե ինչպես Հիսուսը 5000-ից ավելի մարդ կերակրեց: Ժողովուրդը հավաքվել էր անապատում` Հիսուսին լսելու, և երբ արդեն բավականին ժամանակ էր անցել, աշակերտները սկսեցին անհանգստանալ, թե ինչպես պետք է կերակրեն մարդկանց: Հիսուսը աշակերտներին հարցրեց. “Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսեք…”: Նա Իր հայացքը չուղղեց “հեռու երկրներ”, այլ սպասեց, թե ինչ կբերվի ժողովրդի միջից: Աշակերտները վերադարձան` բերելով հինգ հաց և երկու ձուկ… Դա նրանց մի պատանի էր տվել: Պատանին անկասկած վստահ էր, որ եթե իր ողջ ունեցածը դնի Հիսուսի առջև, քաղցած չի մնա: Հիսուսը վերցրեց այդ զոհը, օրհնեց և բաժանեց ժողովրդին: Ամենքը կերան, կշտացան և նույնիսկ 12 կողով ավելացավ: Հովվի քարոզը սովորեցրեց մարդկանց հավատալ Աստծուն… “Գնալ, տեսնել…”, թե իրենք ինչ ունեն և ինչ կարող են նվիրաբերել` վստահելով, որ Աստված կպատասխանի իրենց հավատքին, և այդ սովի պայմաններում կկերակրվեն ոչ միայն իրենք, այլև շատ ու շատ մարդիկ:
Հաջորդ օրը մարդիկ հավաքվեցին եկեղեցում: Ամեն մեկը բերել էր այն, ինչ ունեցել էր` 1կգ շաքարավազ, 0,5կգ բրինձ, հագուստ… Սակայն ամենացնցողը առաջին զոհն էր` 1 մատնաքաշ հաց: Այդ ժամանակ հացը ամենաթանկ բանն էր, քանի որ մարդիկ նույնիսկ շուրջօրյա հերթեր էին կանգնում հացի համար: Զոհաբերությունները բաժանվեցին պատերազմից և երկրաշարժից տուժածներին: Նվիրատուները եկեղեցի հաճախող այն հայերն էին, ովքեր ապրում էին կարիքի մեջ: Աստված գնահատեց եկեղեցու անդամների զոհաբերությունները և այնքան օրհնեց, որ նրանք կարողացան աջակցել գթության ծառայողներին` իրականացնելու մի շարք ծառայություններ: Գթության թիմը կազմված էր կամավորականներից, որոնք լայնածավալ աշխատանքներ էին իրականացնում մանկատներում, ծերանոցում, հիվանդանոցներում: