Ես Էդգար Մելոյանն եմ: Երբ 3 տարեկան եմ եղել, բակում հեծանիվից վայր եմ ընկել ու վնասել ծնոտս, լինդս, կոտրվել են առջևի ատամներս: Ինձ տեղափոխել են ատամնաբուժարան, և բժիշկը ժամանակից շուտ հեռացրել է կոտրված
կաթնատամներս, որոնց փոխարեն հետագայում շատ արագ սկսել են տգեղ ատամներ աճել և չափից ավելի մեծանալ: Դրանք ոչ միայն տեսքից էին շատ տգեղ ու հսկա` իմ փոքրիկ բերանում, այլ նաև խանգարում էին մյուս ատամների ճիշտ աճին և թույլ չէին տալիս լիարժեք փակել բերանս:
Երբ դարձա 6 տարեկան և սկսեցի դպրոց հաճախել, ինձ համադասարանցիներս շատ էին ծաղրում: Իմ անսովոր ու մեծ ատամների պատճառով ինձ «Զուբ» էին անվանում, և դա ինձ ավելի էր մեկուսացնում: Աշխատում էի ոչ ոքի հետ չշփվել: Այդ տարիներից սկսած` ես ունեի մի թաքուն երազանք, որը միշտ իմ սրտում էր. երազում էի, որ կգա մի օր, երբ ես էլ կունենամ գեղեցիկ և համաչափ ատամներ: Մայրիկս շատ էր անհանգստանում ինձ համար և բազմիցս հետաքրքրվել էր բժիշկներից ատամնաշարիս բուժման մասին: Բայց քանի որ բուժումը շատ թանկ արժեր, և մենք հնարավորություն չունեինք վճարելու, գեղեցիկ ատամներ ունենալը շարունակում էր մնալ որպես երազանք:
Դպրոցից բացի հաճախում էի նաև ,,Գնացեք, տեսեք,, սոցիալական ծառայության Զարգացման կենտրոն, որտեղ սովորեցնում էին, որ տիեզերքը ստեղծող Աստված բարի է ու պատասխանում է հավատքով լի աղոթքներին: Եվ ես համարձակություն ստացա աղոթելու երազանքիս իրականացման համար: Հաջորդ օրը երջանկությունից ցնծում էի, քանի որ Աստված լսել էր աղոթքս ու մի բժիշկ էր հայտնվել ու ինձ կանչել էր իր ատամնաբուժարան` ատամնաշարիս խնդիրը լուծելու նպատակով:
Զարգացման կենտրոնում մենք պատրաստվում էինք «Փոքրիկ Իշխան» ներկայացմանը: Գլխավոր դերը բաժին հասավ հենց ինձ: Ես արդեն բրեկետներ ունեի, որի շնորհիվ ատամնաշարս ուղղվել էր և ուսուցիչներիս օգնությամբ հաղթահարելով բոլոր դժվարությունները`հրաշալի ներկայացում ունեցանք:
Շնորհակալություն Տիրոջը Իր օրհնության համար: