Ապրիլ 12, 2018 nagasaki

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես Հասմիկ Առաքելյանն եմ, մարդ, ով ճանաչում և հետևում է Քրիստոսին: Իմ կյանքը լի է եղել բազում փորձություններով ու հաղթանակներով:

Մեր ընտանիքում տեղի ունեցավ մեծ դժբախտություն: Երեք տարի առաջ տղայիս կինը հիվանդացավ լյարդի քաղցկեղով: Տղաս և հարսս երիտասարդ զույգ էին, սիրո և ջերմության մթնոլորտում մեծացնում էին իրենց երեք մանկահասակ երեխաներին: Սակայն հիվանդությունը խաթարեց մեր ընտանեկան անդորրը: Հարսիս կյանքը փրկելու ակնկալիքով` տղաս ստիպված էր նրան տեղափոխել արտերկիր՝ բուժման: Քանի որ մենք չունեինք բավարար միջոցներ, նա մեր բնակարանը գրավ դրեց, և ստացված գումարով մեկնեցին Գերմանիա: Ցավոք, այնտեղ էլ բժիշկներն ի զորու չեղան փրկելու երիտասարդ կնոջ կյանքը, և այս պատմությունն ավարտվեց ողբերգությամբ: Ես և երեք մանկահասակ թոռնիկներս հայտնվեցինք անելանելի իրավիճակի մեջ: Երեխաները ծանր էին տանում մոր կորուստը և հոր բացակայությունը. մեկ տարուց ավելի մեր ընտանիքը և´ սթրեսային, և´ սոցիալական սարսափելի վիճակի մեջ էր: Կարծես ամեն ինչ շուռ էր եկել: Որպեսզի կարողանայինք 

գոյատևել և փակել բուժման նպատակով կուտակված մեծ պարտքերը, տղաս ստիպված էր մնալ Գերմանիայում, աշխատել և օգնել մեզ:
Փա´ռք Աստծո, այդ ընթացքում ինձ օգնության ձեռք մեկնեցին և հոգսս կիսեցին «Գնացեք, տեսեք» սոցիալական ծառայության աշխատողները: Թոռնիկներս սկսեցին այցելել Զարգացման կենտրոն: Մեր կյանքը լիովին փոխվեց:

Երեխաների մեջ փոփոխությունն օրեցօր նկատելի էր դառնում: Կենտրոնում նրանց հետ հոգեբաններ ու մանկավարժներ էին աշխատում: Թոռնիկներս ընդգրկվել էին Կենտրոնում գործող բոլոր խմբակների մեջ և ամեն անգամ այցելում էին շատ մեծ ոգևորությամբ: Մինչ այդ նրանք տանը պարփակված էին, նույնիսկ բակ չէին ուզում դուրս գալ:

Տխրությունն ու վհատությունը օրեցօր հեռանում էին: Երեխաների մեջ վերականգնվեց սովորելու ցանկությունը: Նրանք դարձան ավելի համարձակ, ինքնուրույն: Լցվեցին նոր ու մեծ երազանքներով: Ես` որպես տատիկ, ինձ երջանիկ էի զգում:
Մեր ընտանիքում սկսվեց օրհնության ժամանակաշրջան, որի համար անչափ շնորհակալ ենք Տիրոջը:
Կյանքում հանգամանքները կարող են չդասավորվել այնպես, ինչպես մենք ենք ակնկալում: Սակայն, նույնիսկ աղետալի կորստից հետո, չպետք է կորցնել հույսը, այլ կառչել միայն կենդանի Աստծուց, ով կուղեկցի մեզ այդ դժվարին ճանապարհում և կտա հաղթանակ: Ոչ ոք երկար չի մնա անելանելի վիճակի մեջ, եթե նրա հույսն Աստված է:

Կարդալ: Russian English