«ԲԱՅՑ ՀԻՍՈւՍՆ ԱՍԵՑ՝ ԹՈւՅԼ ՏՎԵՔ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻ՛ ԱՐԳԵԼԵՔ ԻՆՁ ՄՈՏ ԳԱԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՑՆ Է ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈւԹՅՈւՆԸ»,
(ՄԱՏԹ. 19.14):

Կարդալ ավելին

2001-2010թթ. իրականացրել ենք «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, որը կազմված է Կանխարգելում – Կողմնորոշում – Խնամատարություն փուլերից:

«Կանխարգելում» փուլում գթության ծառայության բազմամասնագիտական թիմի (հոգեբան, սոցծառայող, մանկավարժ, կամավորականներ) միջամտությամբ կանխարգելվում է երեխայի մուտքը մանկատուն:

«Կողմնորոշում» փուլում բազմամասնագիտական թիմի կողմից քննարկվելով երեխայի ընտանեկան պայմանների (ներընտանեկան հարաբերություններ, սոցիալական պայմաններ, երեխայի պաշտպանվածության ռիսկայնություն) հետազոտության արդյունքները՝ որոշվում է երեխայի հետագա բնակության վայրը` կենսաբանակա՞ն, թե՞ խնամատար ընտանիք:

«Խնամատարության» փուլում երեխան ժամանակավորապես ապրում է խնամատար ընտանիքում, որտեղ ապահովվում են նրա անվտանգությունը (եթե նա կենսաբանական ընտանիքում բռնության է ենթարկվել), սոցիալական պայմանները, կրթությունը: Միաժամանակ աշխատանք է տարվում երեխայի ծնողների հետ, որպեսզի ապագայում երեխան հնարավորություն ունենա վերադառնալու կենսաբանական ընտանիք:

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Երեխայի ձայնը լսելի դարձնել

Խնամատարության ծրագիրը սահմանադրական ճանապարհով ընդունել Հայաստանի Հանրապետություն, որի շնորհիվ յուրաքանչյուր լքված երեխա հնարավորություն կունենա ապրելու  ընտանեկան ջերմ մթնոլորտում:

Կանխարգելել երեխայի մուտքը մանկատուն

2005թ. ՀՀ Սահմանադրության մեջ ներառվեց դրույթ խնամակալության և խնամատարության մասին:

Բազմամասնագիտական թիմն աշխատանքն իրականացնում է երեք ուղղությամբ.

Աշխատանք կենսաբանական ծնողների հետ

Աշխատանք երեխաների հետ

Աշխատանք խնամատար ծնողների հետ


2001-2010 թթ․ «ԵԱՄ»  ծրագիրն օգնության ձեռք է մեկնել շուրջ 1000 բռնության ենթարկված, մուրացկանությամբ զբաղվող, սոցիալապես խիստ անապահով երեխաների: Կանխարգելել է նրանց մուտքը մանկատուն և գիշերօթիկ հաստատություններ: Նրանց համար հնարավորություն է ստեղծել ապրելու կենսաբանական կամ խնամատար ընտանիքի ջերմ մթնոլորտում:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորին երախտագիտությունս եմ հայտնում գթության ծառայությանը՝ թոռնիկիս` Լիանային, օգնելու համար: Արդեն 3 ամիս է, ինչ նա խնամատար ընտանիքում է, որովհետև կենսաբանական ընտանիքում ապրելը վտանգավոր էր նրա համար. նրա մայրը և մորաքույրը հոգեկան լուրջ խնդիրներ ունեն:  Երեխան շուրջ 10 տարի այդ միջավայրում է ապրել, որն իր խոր հետքն է թողել նրա վարքագծի վրա: Հիմա, փառք Աստծո, փոփոխություններն ակնհայտ են: Լիանան դարձել է պարտաճանաչ, կազմակերպված: Ուսման մեջ առաջադիմություն է նկատվում: Նա միշտ աշխույժ է և կենսուրախ: Զգացվում է, որ  քրտնաջան և լարված աշխատանք է կատարվել, որի համար շնորհակալություն եմ հայտնում Գոհարիկին և գթություն ծառայության բազմամասնագիտական թիմին:

Սիրանուշ, Լիանայի տատիկ

Խնամատար ընտանիք

    Քյարամ և Ռուզաննա Աբրահամյանները Էդգար Գրիգորյանին իրենց խնամքի տակ վերցրին` համաձայն Էդգարի մոր դիմումի: Էդգարը բազմանդամ ընտանիքի 5-րդն երեխան էր: Նրա հայրը մահացել էր, իսկ մայրն ի վիճակի չէր հոգ տանելու 6 երեխաների մասին, որոնցից ամենամեծը 11 տարեկան էր, իսկ ամենափոքրը` 6 ամսական:

   Էդգարն այժմ ապրում է Աբրահամյանների ընտանիքում, մինչև պետական մարմինների և եկեղեցու օժանդակությամբ կբարելավվեն նրա կենսաբանական ընտանիքի սոցիալական պայմանները:

   Ես քրիստոնյա եմ և սրտանց ցանկանում եմ ծառայել իմ Տեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին: Իմանալով, որ «Գնացե՛ք, տեսե՛ք…» գթություն ծառայությունը հոգ է տանում որբ և անապահով երեխաների մասին, որոշեցի իմ մասնակցությունն ունենալ: Ինձ ասացին, որ կա մի փոքրիկ երեխա` մոտ երկու տարեկան, ում խնամք է անհրաժեշտ: Ամուսնուս հետ համաձայնության գալուց հետո ստանձնեցինք փոքրիկի խնամատարությունը:

   Երբեք չեմ մոռանա 2005 թ. հոկտեմբերի 25-ը, երբ այդ գեղեցիկ ու խելացի բալիկին մեր տուն բերեցինք: Մենք երկու չափահաս երեխաներ ունեինք, և վաղուց մեր տանը մանկան թոթովանք չէր լսվել: Մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Ամբողջ ընտանիքով ուրախանում էինք նրա յուրաքանչյուր արարքով ու նոր բառով:

    Անկեղծ ասած` առաջին մի քանի օրը երեխայի հանդեպ խղճահարություն էի զգում, բայց հետզհետե այդ զգացումը վերածվեց սիրո և  կապվածության: Նրա հայտնվելուց հետո մեր տան մթնոլորտն ակնհայտորեն փոխվեց: Ամուսինս ավելի կենսուրախ դարձավ: Նա հիմա այնքան է սիրում Էդգարիկին, կարծես իր հարազատ որդին է: Տղաս և աղջիկս ավելի մեծ սիրով ու հարգանքով են լցվել իմ ու ամուսնուս նկատմամբ: Նրանք հիմա ավելի են գնահատում այն ամենը, ինչ ունեն: Տղաս սիրում է Էդգարիկի հետ ժամանակ անցկացնել՝ խաղալ, զբոսայգի գնալ: Աղջիկս նույնպես ժամերով  զբոսնում ու զբաղվում է նրա հետ:

    Էդգարը, իրոք, խավարի մեջ թաքնված գանձ էր, որն Աստված գտավ ու տվեց մեզ: Նա իր տարիքի համեմատ շատ խելացի է: Երազում է շուտ մեծանալ և օգնել իր քույրերին ու եղբորը, որպեսզի նրանք էլ լավ տուն ունենան և երբեք չհիվանդանան:

     Շնորհակալ ենք Աստծուց այս հրաշք երեխայի համար և շատ ուրախ ենք, որ կարող ենք Էդգարիկին խնամելով՝ ծառայել Հիսուսին, չէ՞ որ Նա ասել է. «… այս փոքրերից մեկին արեցիք, Ինձ արեցիք»:

 Ռուզաննա Աբրահամյան

 

Karine Avagyan

sharunakutyun

Murad Sargsyan

sharunakutyun

Կարդալ: Russian English