«Գնացե՛ք, տեսե՛ք …» գթության ծառայությունը հիմնվել է 1992 թվականին:
Հայաստանի համար դա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն տապալվել էր կոմունիստական հասարակարգը, ձևավորվում էր նոր, անկախ Հայաստանի Հանրապետությունը, շարունակվում էր Ղարաբաղյան պատերազմը, որի պատճառով Հայաստանը շրջափակման մեջ էր: Գործարանները փակվել էին, էլեկտրականության բացակայության պատճառով հանրապեությունը խավարի մեջ էր:
Երևանը և մերձակա շրջանները լեցուն էին Ադրբեջանից գաղթած հայերով և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներով (երկրաշարժի պատճառով Հայաստանում հազարավոր զոհեր էին եղել, հիմնահատակ ավերվել էին երեք քաղաքներ և բազմաթիվ գյուղեր): Համատարած սով էր, գործազրկություն, հացի շուրջօրյա հերթեր:
«Քանի՞ հատ հաց ունեք, գնացե՛ք, տեսե՛ք… » (Մարկ. 6.30-44):
Ծառայության հիմնադրման և հետագա գործունեության համար գերբնական մտածելակերպ էր հարկավոր, քանի որ, ի տարբերություն Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների, որոնք օգնություն էին ստանում արտերկրից, այս ծառայության ֆինանսավորումը պետք է իրականացներ շրջափակման մեջ հայտնված և սովի մատնված հայ ժողովուրդը` իր նվիրատվություններով:
Ուստի ծառայությունն իր ստեղծման առաջին իսկ օրվանից ապավինեց Աստծո Խոսքին: Եկեղեցու հովիվը քարոզեց Մարկոս 6.30-44 խոսքերը, թե ինչպես Հիսուսն անապատում 5000-ից ավելի մարդու կերակրեց:
«Եվ երբ արդեն շատ ժամանակ էր անցել, Նրա աշակերտները մոտ եկան և ասացին, թե այս տեղը անապատ է, և ժամանակն էլ արդեն ուշ: Արձակիր դրանց, որ չորս կողմի շեները և գյուղերը գնան իրենց համար հաց առնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն: … Նա էլ նրանց ասաց. «Քանի՞ հատ հաց ունեք. գնացեք և տեսեք…»»:
Հովվի քարոզը եկեղեցու մարդկանց սովորեցրեց վստահել Աստծուն: Նրանք ոչ թե իրենց հայացքը պետք է ուղղեին հեռու երկրներ, այլ նվիրաբերեին թեկուզ իրենց փոքրիկ ունեցածը՝ հավատալով, որ Աստված հրաշք կանի. եղածը կբազմացնի, և այդ սովի պայմաններում կկերակրվեն ոչ միայն իրենք, այլև շատ ու շատ մարդիկ:
Հաջորդ օրը, ինչպես Հիսուսի աշակերտները վերադարձան՝ բերելով հինգ հաց և երկու ձուկ (որ ամբոխի միջից մի փոքր տղա էր տվել), այնպես էլ եկեղեցու անդամներից ամեն մեկը բերեց այն, ինչ ուներ՝ մեկ կգ շաքարավազ, կես կգ բրինձ, հագուստ… Սակայն ամենացնցողն առաջին նվիրաբերությունն էր՝ մեկ մատնաքաշ հացը, որ այդ ժամանակ ամենաթանկ զոհն էր, քանի որ հացը կտրոնով էր, և հացի համար նույնիսկ շուրջօրյա հերթեր էին գոյանում: Զոհաբերությունները բաժանվեցին պատերազմից և երկրաշարժից տուժածներին: Նվիրատուները եկեղեցի հաճախող այն հայերն էին, ովքեր իրենք էլ կարիքի մեջ էին ապրում:
Աստված գնահատեց եկեղեցու անդամների զոհաբերությունները և այնքան օրհնեց, որ նրանք կարողացան աջակցել գթության ծառայողներին` իրականացնելու մի շարք ծրագրեր: Գթության թիմը կազմված էր կամավորականներից, որոնք լայնածավալ աշխատանքներ էին իրականացնում մանկատներում, ծերանոցում, հիվանդանոցներում և այլուր: