Ապրիլ 14, 2018 nagasaki

ԱՍՏՎԱԾ ՉԻ ՈԻՇԱՆՈՒՄ

Աստծո գերբնական հրաշքներն անսպառ են յուրաքանչյուրիս կյանքում. իմ կյանքում հրաշքը ևս չուշացավ:

Ես Ռուզաննա Բոյախչյանն եմ, ում կյանքը լի է եղել անկումներով: 

Դեռ մանկուց ապրել եմ հարազատ մորից օտարացված լինելու զգացումը: Բազում օրեր քաղցած եմ անցկացրել: Մանկությունից մերժված ու անտեսված եմ եղել շատերի կողմից: Առաջին ամուսնությունս 18 տարի հետո ավարտվեց բաժանությամբ՝ անպտղության պատճառով: Ամուսնալուծությունից հետո ինձ մերժեցին բոլոր հարազատներս: Այդ ընթացքում ունեցա առողջական լուրջ խնդիրներ՝ ինձ մոտ հայտնաբերվեց կրծքի բարորակ նորագոյացություն, և ես վիրահատության ենթարկվեցի: Առողջական լուրջ խնդիրներն ու ընտանիքիս կողմից անտեսված լինելն ինձ հասցրին վերջնական հիասթափության: Հիասթափության մեջ` ունեցա պատահական ամուսնություն:  40 տարեկանում` 20 տարի հետո, Աստված ինձ մի հրաշք աղջիկ պարգևեց` Ռուբինային: Ցավոք, երբ աղջիկս 5 տարեկան էր, հայրը մեզ լքեց` թողնելով մի ամայի վայրում` ավտոպահեստամասերի պահակակետում, որտեղ չկային ոչ մի կոմունալ  հարմարություններ: Ջուրը աղջկաս հետ բերում էինք հեռվում գտնվող մի մեծ ջրատարից, ինչը շատ վտանգավոր էր, և ամեն անգամ մեկ դույլ ջրի համար մեծ վտանգի էինք ենթարկում մեր կյանքը: Սակայն ամենավատը դա չէր, այլ այն, որ կիսախարխուլ այդ տարածքը, որտեղ մենք ապրում էինք, պատկանում էր մի անձնավորության, ով մեզ ստիպում էր շուտափույթ հեռանալ այնտեղից: Նա մեզ սպառնում էր. նույնիսկ սկսեցին քանդել այդ շինությունը: Բազմիցս դիմում էի քաղաքապետարան և բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների՝ խնդրելով միջամտել այս հարցին և թույլ տալ, որ շարունակենք ապրել այդ տարածքում: Սակայն ոչինչ չէր փոխվում: Մի քանի անգամ աղջկաս հետ փորձեցինք վերջ տալ մեր կյանքին, քանի որ ապրելու ոչ մի հույս չունեինք:

Հարևանուհիս հավատացյալ էր և մի օր ինձ պատմեց Հիսուսի մասին: Նա հաճախում էր «Կյանքի Խոսք» եկեղեցի: Շուտով ծանոթացա եկեղեցու այլ անդամների հետ: Մեզ ընդգրկեցին ,,Գնացեք, տեսեք,, գթություն ծառայության Զարգացման կենտրոնում: Ծանոթացա Կենտրոնի ղեկավար Գեղեցիկ Սահակյանի և մյուս ծառայողների հետ, ովքեր մեզ մեծ սիրով և ջերմությամբ ընդունեցին: Սկսեցինք   հաճախել Կենտրոն, որտեղ բազմաթիվ երեխաներ սովորում, զարգանում և դաստիարակվում են Աստծո Խոսքի հիման վրա: Մասնակցում էի Կենտրոնում գործող` մայրերի աղոթքի ծառայություններին, որտեղ անդադար աղաղակում էի առ Աստված իմ անլուծելի թվացող խնդրի համար:

Իմ կյանքի ամենադաժան պահը վրա հասավ,  երբ մեզ վռնդեցին այն տարածքից, որտեղ ապրում էինք, և ես աղջկաս հետ հայտնվեցի փողոցում: Մենք ոչ մի տեղ չունեինք գնալու, ոչ մի հարազատ չունեինք: Կարծես կյանքը կանգ առավ, միտքս մթագնեց,  և  այդ անելանելի իրավիճակում որոշեցինք ինքնասպանություն գործել: Կանգնած էինք մեծ ջրատարի մոտ`մեջը նետվելու համար, երբ գրպանումս գտնվող հեռախոսը զանգեց: Զանգահարողը Կենտրոնի ղեկավարն էր` Գեղեցիկը,  և ձայնիցս հասկանալով, որ իրավիճակը շատ լուրջ է, անմիջապես իր ամուսնուն ուղարկեց մեր ետևից: Այդ ընթացքում նա մեզ հորդորում և հույս էր տալիս, որ ամեն բան լավ կլինի: Նա ասում էր, որ Աստված մեծ է և հզոր,  Նրա հրաշքներն անսպառ են, և Նա հաստատ մի մեծ հրաշք էլ մեզ համար է նախապատրաստել:

Եվ, իրոք, Աստված մեծ հրաշք գործեց մեր կյանքում: Մեզ տեղավորեցին հատուկ Սոց. կետրոնում: Մենք Տիրոջ օգնությամբ ստացանք այդ կացարանը` իր բոլոր կենցաղային հարմարություններով և կահույքով: Ունենք մշտական ջուր, այլևս մեր հագուստը գետի մեջ չենք լվանում, խմելու ջրի համար 2 կիլոմետր ոտքով չենք քայլում, տաքանալու համար աղջկաս հետ այլևս փողոցներից փայտ չենք հավաքում, հնարավորություն ունենք շաբաթը 5 օր սնվելու այդ կենտրոնի ճաշարանում: Այն ամենը, ինչ հիմա ունենք, իրոք, երազանք էր մեզ համար: Մեր կյանքում իրականություն դարձավ Աստծո այն խոսքը, որ գրված է Աստվածաշնչում. «Նեղության միջից Տիրոջը կանչեցի, և Տերը լսեց ինձ ու լայնարձակ տեղ հանեց»: Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ մեզ հնարավորություն տվեց` ճանաչելու Իրեն և տեսնելու Իր հրաշքները: Շնորհակալություն եկեղեցու ,,Գնացեք, տեսեք,, գթություն ծառայության Զարգացման կենտրոնին, իր հոգատար վերաբերմունքի և մեծ աջակցության համար:

Կարդալ: Russian English