Blog

Գայանե Հակոբյան

Ծննդյան թիվ, վայր  11.02.1964, Երևան

Կրթություն Երևանի Պետական Համալսարան,

Բանասիրության ֆակուլտետ  (Հայաստան, Երևան) 

Viva network (Անգլիա, Օքսֆորդ)

Սոցիալական աշխատանքի կառավարում (Ֆրանսիա, ԼեՌոշեր)

Կալիֆոռնիայի Աստվածաբանության Լատինական Համալսարանի Աստվածաբանական գիտությունների պատվավոր դոկտոր (ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ)

Պաշտոն  «Գնացե՛ք, տեսե՛ք…» սոցիալական ծառայության կենտրոնի ղեկավար: Ուսուցիչ:

Համոզմունք  Ամեն ինչի սկիզբն Աստված է (Հայր Աստված, Որդի Աստված՝ Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի Աստված): Ամեն ինչ Աստծո միջոցով է: Բոլոր փառքերն Աստծունն են:

Սիրելի՛այցելու, բարի գալուստ իմ բլոգ

Ծանոթության կարգով ցանկանում եմ ասել, որ Տերը բավական երկար ժամանակ ինձ առաջարկում էր ունենալ անձնական բլոգ: Ես միշտ խուսափում էի անդրադառնալ այդ խնդրին: Բլոգ ունենալը ինձ համար, իրոք, մեծ խնդիր էր: Ես միշտ խուսափել եմ սոցիալական ցանցերից: Երբեք չեմ եղել «Oдноклассники»-ում, «Facebook»-ում կամ որևէ այլ սոցիալական ցանցում: Պատճառն ինձ համար բացատրելի էր. նախ՝ ժամանակի կորուստ, հետո՝ երբեք չեմ ցանկացել անձնական կյանքս ի ցույց դնել հանրությանը: Եթե չեմ սխալվում, բլոգ ստեղծելու առաջարկը շուրջ 5 տարի կտրուկ մերժել եմ:

Մի օր, 2014 թվականի աշնանն էր, օրը հստակ չեմ հիշում, հոգումս կրկին շատ պարզ ստացա բլոգ ստեղծելու առաջարկը: Առաջարկն այնքան հաստատուն էր, կարծես մի աներևույթ ամուր ձեռք ինձ պատին էր գամել ու խոստում էր պահանջում բլոգ ստեղծելու մասին: Ես անզորությունից գոռացի. «Տե՛ր Աստված, ի՞նչ ես ուզում ինձնից: Ես չե՛մ կարող բլոգ ունենալ: Ի՞նչ գրեմ այնտեղ: Ես ոչինչ չունե՛մ գրելու: Ո՞ւմ է պետք, ո՞վ պիտի կարդա իմ գրածները: Հիմա այնքա՜ն շատ են գրողները, այնքա՜ն շատ են քարոզիչները, այնքա՜ն շատ են հետաքրքիր նյութերը և  տեղեկատվությունը ամեն ինչի մասին»: Տերը մեղմ, բայց հաստատուն ձայնով պատասխանեց. «Բացի՛ր քո բլոգը: Ես այնքա՜ն հրաշքներ եմ արել քո կյանքում: Ես ցույց եմ տվել քեզ՝ Ով Եմ Ես, և սովորեցրել եմ քեզ հավատալ: Քո բլոգը մարդկանց կյանքեր պիտի փոխի»: Ես հստակ տեսիլ ստացա՝ բլոգ, որը փոխում է մարդկանց կյանքերը:

Տեսիլը համոզիչ էր և, առավել քան, խոնարհեցնող: Ես հասկացա, թե որքա՜ն պիտի խոնարհ լինեմ Աստծուն, որքա՜ն պիտի զգոն լինեմ Սուրբ Հոգու առաջնորդությանը, որ գրեմ այն, ինչ Տերն է ուզում, քանի որ Նա է կյանքերը փոխողը: Նա է Ալֆան և Օմեգան: Նա է սրտերը քննողը: Նա է «ուղղի հետ՝ ուղիղ և ծուռի հետ ծուռ» լինողը (Սաղմ. 18.26):

Ես չգիտեմ՝ արդյո՞ք ամեն օր նյութեր կտեղադրեմ այս բլոգում: Գիտեմ միայն մի բան. պիտի առաջնորդվեմ Սուրբ Հոգով, պիտի կատարյալ խոնարհ լինեմ Աստծուն՝ տիեզերքի Արարչին և մեր ռունգերում շունչը Պահողին:

Սիրով՝ Գայանե

ԿԱՐԴԱԼ ԲԼՈԳԸ

Կարդալ: Russian English