ՉՀԻԱՍԹԱՓՎԵԼ, ՔԱՅԼԵԼ ԱՌԱՋ …

Ապրիլ 14, 2018 gayane

ՉՀԻԱՍԹԱՓՎԵԼ, ՔԱՅԼԵԼ ԱՌԱՋ …

              Ես Մագթաղն եմ, 30 տարեկան: Երբ նայում եմ իմ անցած կյանքին, հասկանում եմ, որ սատանան գողացել է կյանքիս լավագույն տարիները:

           Մինչև 14 տարեկան`ընտանիքիս հետ ապրել եմ Ռուսաստանի դաշնությունում: Սկզբում թվում էր` ամեն բան լավ է, բայց երբ վերադարձանք Հայաստան և սկսեցինք ապրել տատիկիս ու հորաքրոջս հետ, մեր ընտանիքում առաջացան անախորժություններ, վեճեր: Իրավիճակն ավելի սրվեց, երբ մայրս սկսեց հաճախել եկեղեցի: Հայրս կտրականապես դեմ էր: Նա սկսեց հալածել մայրիկիս, նույնիսկ մի քանի անգամ պատռեց Աստվածաշունչը:

          2005 թ-ին հայրս մորս ծեծելով դուրս վռնդեց տնից իմ աչքի առջև: Պատճառը մորս երրորդ հղիությունն էր, որին բոլորս դեմ էինք. ես ու եղբայրս արդեն մեծ էինք և ամաչում էինք` ի՞նչ կմտածեն հարևանները: Հայրս չափազանց վատ էր վարվում մայրիկիս հետ, անընդհատ բռնության էր ենթարկում, որպեսզի նա կորցներ երեխային: Բայց, փառք Աստծո, մայրս, գիտակցելով, որ երեխայից ազատվելը կանխամտածված սպանություն է, որոշեց ամեն գնով պահպանել նրա կյանքը: Ի վերջո, մայրս միայնակ  ու անօգնական հայտնվեց փողոցում: Ես ու եղբայրս մնացինք հայրիկիս, տատիկիս ու հորաքրոջս հետ: Նրանք ամեն բան արեցին, որ մենք հրաժարվենք մեր մայրիկից, մոռանանք նրան:  Ես 9 տարուց ավելի ոչ մի շփում չունեի մորս հետ և  օրեցօր ավելի ու ավելի ատում  էի նրան:

           Հետագայում իմացա, որ այդ ամբողջ ընթացքում մայրս իր ծածուկ սենյակում աղոթել է մեզ համար` հավատալով, որ օրերից մի օր կվերադառնանք իր մոտ, կճանաչենք Տիրոջը և կքայլենք Նրա ճանապարհով:

          Հայրիկիս տանն ապրելով` ես չէի ճանաչում Աստծուն, ապրում էի «ազատության» մեջ, և այդ ազատությունը, ի  վերջո, ինձ գցեց  շնության մեջ: Ինձ համար կյանքը կորցրել էր իր իմաստը, և միևնույնն էր, թե մարդիկ ինչ կմտածեին իմ մասին:

          Սակայն Աստված ողորմած է: Նա չթողեց, որ կործանվեմ: Աշխատանքիս վայրում ինձ հանդիպեցրեց մի հավատացյալ զույգի հետ, ովքեր ամեն օր ինձ Աստծո մասին էին պատմում: Նրանց ամեն խոսքը կարծես փշրում էր իմ քարացած սիրտը և վերականգնում ինձ: Ես սկսեցի նրանց հետ անգլերեն սովորել: Ամեն անգամ դասերի ընթացքում մենք խոսում էինք Աստծո մասին, և ես ամեն օր ավելի ու ավելի էի սիրում Նրան: Վերջապես, ապաշխարեցի ու կյանքս նվիրեցի Տիրոջը:

            Շուտով հեռացա հորս տնից և սկսեցի փնտրել մայրիկիս: Ներողություն խնդրեցի նրանից` իմ անտարբերության և քարասրտության համար, քանի որ  տարիներ շարունակ մեղադրել էի նրան` մեզ թողնելու և Աստծուն ընտրելու համար: Խոստովանեցի, որ գիտակցում եմ սխալս և ուզում եմ նրա հետ քայլել Աստծո ճանապարհով:Մայրս ինձ իր գիրկն առավ և ընդունեց իր հարկի տակ: Նա ապրում էր փոքր եղբորս հետ, ով Աստծո օրհնությամբ լույս աշխարհ էր եկել:  Մենք միասին անցանք բազմաթիվ դժվարությունների միջով, Տիրոջ օգնությամբ հաղթահարեցինք անանցանելին: Ես ընդունվեցի Աստվածաշնչյան դպրոց: Այդ ընթացքում հայրս ինձ էլ սկսեց հալածել: Նա ինձ մեղադրեց  գողության մեջ: Ինձ կանչեցին ոստիկանություն, սկսվեցին քաշքշուկներ: Սակայն Աստված ինձ ազատեց նաև այդ ծանր իրավիճակից: Բավարար ապացույցներ չլինելու պատճառով գործը կարճվեց: 

          Շուտով ծանոթացա ապագա ամուսնուս հետ, և մենք ամուսնացանք: Ամուսինս կախվածություն ուներ խմիչքից, բայց փորձում էինք միասին պայքարել այդ երևույթի դեմ: Կարծես թե ամեն բան լավ էր, սակայն դա երկար չտևեց: Որոշ ժամանակ անց ամուսինս մահացավ դժբախտ պատահարից: Այդ օրը ես հիվանդանոցում էի, քանի որ նոր էի ծննդաբերել: Կյանքս նորից տակն ու վրա եղավ:

           Փոքրիկիս  հետ տեղափոխվեցի մայրիկիս տուն, քանի որ մենք  մեր տունը չունեինք: Ամուսնուս կորուստը շատ ծանր էր ինձ համար: Հոգեկան աշխարհս կարծես խաթարված լիներ, դարձել էի ինքնամփոփ, ագրեսիվ, կորցրել էի ինձ: Բայց Աստված այս անգամ էլ դուռ բացեց իմ կյանքում: Ես լսեցի «Գնացե՛ք, Տեսե՛ք … » սոցիալական ծառայության կենտրոնի մասին և սկսեցի հաճախել այնտեղ: Կենտրոնում` սիրո և ջերմության մթնոլորտում, սկսեցի նորից շփվել մարդկանց հետ:

             Այժմ ինձ միայնակ չեմ զգում: Աստված իմ կողքին դրել է այնպիսի մարդկանց, ովքեր ամեն վայրկյան ինձ օգնում են, ոգևորում, բարձրացնում: Օրեցօր իմ կյանքում փոփոխություն եմ զգում: Վերականգնվել են իմ աղոթքները, իմ ու Աստծո փոխհարաբերությունները: Սուրբ Հոգին մխիթարում է ինձ, օգնում` հաղթահարելու վիշտս,  չհիասթափվելու և նոր ու համարձակ քայլեր անելու:Կենտրոնում  մասնակցում եմ տարբեր խմբակների, սովորում եմ անգլերեն, հագուստի մոդելավորում: Ինձ հետ աշխատում են հոգեբաններ: Մեզ տրամադրել են բնակարան, որտեղ ես ու աղջիկս կարող ենք ժամանակավոր ապրել: Ես նայում եմ առաջ  ու տեսնում եմ, որ հաղթող եմ:

             Շնորհակալ եմ Տիրոջից Իր անսահման ողորմության համար: Ես մշտապես  իմաստություն եմ խնդրում Նրանից, որ կարողանամ Նրա կամքի համեմատ դաստիարակել աղջկաս: Ուզում եմ նրա մեջ սերմանել ճիշտ հավատք, սեր և աստվածապաշտություն, որ նա չկրկնի այն սխալները, որոնք ես եմ արել: Հավատում եմ, որ նա կունենա այն, ինչ ես չեմ ունեցել: Փա՜ռք իմ ամենակարող Աստծուն:

Կարդալ: Russian English