«… ԼՈւԾԻ՛Ր ԱՆԻՐԱՎՈւԹՅԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ, ԲԱ՛Ց ԱՐԱ ԼՈւԾԻ ԿՈՇԿՈՌՆԵՐԸ ԵՎ ՋԱՐԴՎԱԾՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԹՈՂ ՏՈՒՐ, ԵՎ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԼՈւԾ ԿՈՏՐԵ՛Ք…»
(ԵՍԱՅԻ 58.6-7):

Ս ոցիալական ծառայության կենտրոնը ոչ միայն սիստեմատիկ աղոթքածառայություններ է անցկացնում, այլև՝ ունի եռամսյա աղոթքադպրոց: Աղոթքադպրոցում սովորում են և՛ սոց. ծառայության կամավորականները, և՛ շահառուները, քանի որ Աստծո Խոսքն է ասում. «Քանդի՛ր անիրավության կապանքները, բա՛ց արա լուծի կոշկոռները և ջարդվածներին ազատիր» Ես. 58.6-7:

Միայն աղոթքով կարելի է քանդել աղքատության կապանքները, կոտրել բռնության լուծը, ստանալ ֆիզիկական, հոգու և շնչի բժշկություն: Աղոթքադպրոցում ոչ միայն սովորում են «Ի՞նչ է հավատքը», քանի որ առանց հավատքի հնարավոր չէ որևէ աղոթքի պատասխան ստանալ, «Բայց առանց հավատքի անկարելի  է հաճո  լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա, և թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի»  (Եբր 11.6), այլև սովորում են ճիշտ աղոթել:

Աղոթքը շփում և ընկերություն է Աստծո հետ: Այն հսկայական զորություն ունի, գործում է և ուղղակի անհրաժեշտ է մեր քրիստոնեական կյանքի համար:

Աղոթքը կյանքի ոճ է: Մեր հոգևոր կյանքի համար աղոթքը նույնն է, ինչ շնչառությունը՝ մարմնի համար: Եթե մենք դադարենք շնչելուց, հասկանալի է, թե ինչ կլինի. մենք կմահանանք: Աղոթքը Աստծո շունչն է, որ կենդանություն ու թարմություն է տալիս մեր հոգուն և Աստծո հետ փոխհարաբերություններին: Այն պահպանում է նաև մեր ազատությունը և ուժ տալիս թշնամու դեմ պայքարում: Ահա թե ինչու յուրաքանչյուր հավատացյալ պետք է աղոթի:

Շատերը հարցնում են, թե ինչու անպայման պետք է աղոթել ինչ-որ բան ստանալու համար: Աստված մեզ տվել է ազատ կամք, ուստի մեր ցանկություններն ու սրտաքին աղաչանքները պետք է ուղղենք Աստծուն, որպեսզի Նա միջամտի մեր կյանքին:

Հովհաննես 16.24-ում  ասվում է. «Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով. խնդրե՛ք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի»:

Յուրաքանչյուր ոք կանչված է աղոթելու: Դա Հիսուսի պարգևն է: Նա միշտ պատասխանում է արդարի խնդրվածքին:

«Եղիան մարդ էր մեզ պես՝ կրքի ենթակա, և ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, և անձրև չեկավ երկրի վրա երեք տարի և վեց ամիս: Եվ դարձյալ աղոթք արեց, և երկինքն անձրև տվեց, և երկիրն իր պտուղը բուսեցրեց» (Հակոբ. 5.17,18):

Աստվածաշնչում՝ Հայտնության գրքում, ասվում է, որ սուրբերի աղոթքը խունկի նման անուշահոտ է Աստծո գահի առջև: Մենք գոհանում ենք Աստծուց, որ  Հիսուսը խաչվեց և հարություն առավ, որովհետև այդ ճանապարհով Նա վճարեց այն ամենի համար, ինչի կարիքը մենք ունենք: Աղոթելով՝ մենք ճեղքում ենք խավարի ուժերի դիմակայությունը և ձեռք ենք բերում Աստծո կամքի դրսևորումը, որպեսզի իրականացնենք Նրա ծրագիրը երկրի վրա: Աղոթքի շնորհիվ է, որ ազատագրվում է Նրա զորությունը, որպեսզի կատարվի այն, ինչի համար խնդրում ենք՝ մարդիկ ազատագրվեն խավարի իշխանությունից և կապանքներից, քանդվեն սատանայի գործերը, լրացվեն կարիքները: Աղոթքը կարող է շատ բան փոխել, բայց ոչ թե ուղղակի աղոթքն է փոփոխություն բերում, այլ՝

  1. հավատքով աղոթքը.

«Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով, կառնեք»  (Մատթ. 21.22):

  1. Աստծո Խոսքի հիման վրա աղոթքը.

Երբ աղոթքով մոտենում ենք Աստծուն, պետք է հստակ գիտակցենք՝ Ով Է Նա և ինչ կարող է անել, այսինքն՝ հասկանանք Նրա մեծությունը:

Նա այն Աստվածն է, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ գոյություն և կյանք ունի: Նա կար, կա և կլինի: Ուստի Նրան  գոհություն ու փառք ենք տալիս: «Հայր մեր» աղոթքը հենց փառաբանությամբ է սկսվում.

«Հա՛յր մեր, որ երկնքում ես, սո՛ւրբ թող լինի Քո անունը» (Մատթ. 6.9):

Մենք աղոթում ենք Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով:

Խաչի վրա Հիսուսն արդեն վճարել է մեր փրկության համար: Նա մեզ փրկել է ոչ միայն դժոխքից, այլև մեր կյանքի ցանկացած իրավիճակից:

«Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից՝ մեզ համար անեծք լինելով, (որովհետև գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը): Որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով… » (Գաղատ. 3.13,14):

Երկնքում ամեն բան արդեն արված է. մենք միայն պետք է համաձայնենք Նրա հետ մեր աղոթքներում:

Աղոթքը ոչ միայն խնդրվածք է, այլև կենդանի փոխհարաբերություն, շփում Աստծո հետ: Մենք վերապրում ենք Նրա ներկայությունը, երկրպագում և շնորհակալություն հայտնում Նրան: Պատասխանված աղոթքների քանակը և որակը չեն չափվում աղոթողի շատախոսությամբ  կամ աղոթքի երկարատևությամբ, այլ՝ Աստծո հետ ունեցած մտերիմ և վստահելի փոխհարաբերություններով, ինչպես նաև աղոթողի սրտից բխող ջերմեռանդ աղաչանքներով:

Աղոթքները տարբեր են լինում: Հնարավոր չէ ամեն ինչ խառնել իրար, և չկա մեկ բաղադրատոմս բոլոր իրավիճակների համար: Մենք չենք կարող հոկկեյի մականով ֆուտբոլ խաղալ: Եթե հետևենք Սուրբ Հոգուն, Նա մեզ կօգնի՝ աղոթելու տարբեր եղանակներով և ձևերով, որովհետև Նա մեզ առաջնորդում է Աստծո Խոսքի համաձայն:

«Աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով, և սրանում հսկեք  հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփ.6.18):

Ըստ Մերի Էլիսի և Քենետ Հեգինի ուսմունքների աղոթքները լինում են՝

  1. Հավատքի աղոթք
  2. Նվիրման, սրբության և հնազանդության աղոթք
  3. Մեր հոգսերն Աստծուն հանձնելու աղոթք
  4. Խմբակային աղոթք
  5. Փառաբանության, երկրպագության աղոթք
  6. Համաձայնության աղոթք
  7. Ապաշխարության աղոթք
  8. Բարեխոսական աղոթք
  9. Լեզուներով աղոթք
  10. «Ծննդկանի» աղոթք
  11. Խնդրվածքի աղոթք և այլն:

Ապաշխարության աղոթքն ասվում է հոգևոր ծննդի ժամանակ, երբ մարդն ապաշխարում է և Հիսուս Քրիստոսին որպես իր Փրկիչ ընդունում: Այս աղոթքն Աստված մեզ տվել է, որպեսզի գործածենք մեր ամբողջ քրիստոնեական կյանքի ընթացքում՝ ոչ թե կրկին ու կրկին փրկվելու, այլ Աստծո առջև մեր սիրտն ու կյանքն անարատ պահելու համար:

«Ապաշխարել» բառը նշանակում է «փոխվել», այսինքն՝ շրջվել և գնալ այլ ուղղությամբ:

«Ուրեմն զղջացե՛ք և ե՛տ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան…» (Գործք 3.19,20):

Ապաշխարության աղոթքը շատ կարևոր է, որովհետև երբ  ապաշխարում ենք, անմիջապես ներում ենք ստանում, և այդ բնագավառում վերածնունդ է սկսվում:

Մենք արդեն ասել ենք, որ հավատքը բանալի գործոն է հանդիսանում ցանկացած աղոթքի համար, բայց կա յուրահատուկ աղոթք՝ հավատքի աղոթք, որով աղոթում ենք ինքներս՝ մեր, մեր մտերիմների ու հարազատների  համար, մինչև որ Խոսք ստանանք և Խոսք ստանալով, հռչակում ենք այն՝ հավատքով կանգնած:

«Եվ մի կին, որ արյունի տեռատեսությամ մեջ էր տասներկու տարի ու շատ բժիշկներից շատ չարչարվել էր և իր բոլոր ունեցածը ծախսել էր և ոչ մի  օգուտ չէր ստացել, այլ էլ ավելի էր վատացել, երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի մեջ ետևից եկավ, կպավ Նրա հանդերձին: Որովհետև ասում էր, որ, եթե միայն Նրա հանդերձին կպնեմ, կփրկվեմ: Եվ շուտով նրա արյունի աղբյուրը ցամաքեց և նա  իմացավ, որ այն տանջանքից բժշկվեց» (Մարկ.5.25-29):

Կինը իր սրտում հայտնություն ստանալով՝ հավատքով հռչակում է. «Որովհետև ասում էր, որ, եթե միայն Նրա հանդերձին կպնեմ, կփրկվեմ», և բժշկություն է ստանում:

Երբ մենք աղոթում ենք ուրիշների համար, դա կոչվում է բարեխոսական աղոթք: Հիսուսը բարեխոս է երկնքում, մենք, լինելով քահանաներ՝ երկրի վրա:

«Բայց սա, որովհետև հավիտյան է կենում, քահանայություն ունի անանցանելի: Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն անի» (Եբր.7.24-25):

«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար» (1Տիմ.2.1):

Հավատքի աղոթքը տարբերվում է բարեխոսական աղոթքից: Մենք աղոթում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեր մտերիմների և հարազատների: Եվ եթե բարեխոսական աղոթքով աղոթում ենք այնքան, մինչև արդյունք ունենանք, ապա հավատքի աղոթքով՝ ոչ այնքան երկար, մինչև որ խոսք ստանանք և սկսենք հավատքով դավանել:

Լեզուներով աղոթքը Սուրբ Հոգու աղոթքն է առ Աստված: Այդ շփման շնորհիվ մենք զգայուն ենք դառնում լեզուների աղբյուրի՝ Սուրբ Հոգու նկատմամբ, և հասկանում ենք, թե ինչպես և երբ գործածենք այդ պարգևը:

  1. Երբ աղոթում ենք այլ լեզուներով, նոր հայտնություններ, ծրագրեր, գաղափարներ ենք ստանում Աստծուց:
  2. Այլ լեզուներով կարելի է աղոթել ինչ-որ նպատակի համար:
  3. Սուրբ Հոգու լեզուները օգտագործվում են նաև հոգևոր սպառազինության համար:

Իհարկե, մեր խնդրանքները և կարիքները կարելի է նաև արտահայտել՝ աղոթելով մեր սովորական լեզվով, և Սուրբ Հոգու շնորհիվ դրանք կլսվեն Աստծո կողմից:

Ինչ էլ սատանան օգտագործի ձեր դեմ, Աստված ունի զենք՝ թշնամուն հաղթելու համար: Լեզուներով աղոթքն այդ զենքերից մեկն է: Լեզուների ետևում կանգնած զորությունը՝ Տիրոջ Հոգին է. Նա է զենքը: Հիսուսն Ինքն էլ ասաց, որ դևերին քշում է Աստծո Հոգով (Մատթ. 12.28): Դուք ունեք նույն Սուրբ Հոգին: Աղոթե՛ք լեզուներով, միավորե՛ք Աստծո պարգևներն ու զենքերը և դրանք օգտագործե՛ք թշնամու՝ սատանայի դեմ:

«Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք, բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում: Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմ. 8.26,27):

Նվիրման աղոթքով մենք մեր կյանքը նվիրում ենք  Աստծուն, որպեսզի Նա օգտագործի այն  Իր նպատակները իրականացնելու համար: Այդ աղոթքի ժամանակ մենք աղոթում ենք. «Եթե քո կամքն է»:

«Եվ ասում է. Հայր, եթե կամենաս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկ.22.42):

Հանձնելու աղոթքով՝ Աստծուն ենք  հանձնում մեր բոլոր հոգսերը. «Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգս է անում ձեր համար» (1Պետ.5.7):

Երկրպագության աղոթք՝ «Եվ նրանք երկրպագեցին Նրան, և մեծ ուրախությունով ետ դառան Երուսաղեմ: Եվ ամեն ժամանակ տաճարումն էին, գովում և օրհնում էին Աստծուն: Ամեն» (Ղուկ. 24.52-53):

Համաձայնության աղոթք՝ «Դարձյալ ասում եմ ձեզ՝ եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորիցը որ երկնքումն է: Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունովը հավաքված լինեն՝ Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատ.18.19-20):

Միաբան աղոթք՝ «Եվ արձակվելուց հետո եկան ընկերների մոտ ու պատմեցին ինչ որ քահանայապետերը և ծերերը ասեցին նրանց: Եվ նրանք երբ լսեցին, միաբանությամբ իրենց ձայները բարձրացրին դեպի Աստված և ասեցին. Տեր, դու ես Աստված, որ արիր երկինքը և երկիրը, ծովը և նրանց մեջի բոլոր բաները: Որ քո Դավիթ ծառայի բերանով խոսեցիր և ասեցիր. Ինչու՞ համար ազգերը խռովեցին և ժողովուրդները ունայն բաներ մտածեցին: Երկրի թագավորները վերկացան, և իշխանները մեկտեղ հավաքվեցին Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ: Որովհետև արդարև հավաքվեցին քո սուրբ Որդի Հիսուսի վրա, որին օծեցիր, Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ և Իսրայելի ժողովրդի հետ, որ անեն՝ ինչ որ քո ձեռքը և կամքն առաջուց սահմանեց լինելու: Եվ հիմա, Տեր, նայիր նրանց սպառնալիքին և տուր քո ծառաներին բոլոր համարձակությունով քո Խոսքը խոսել: Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկություն և նշաններ և հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Հիսուսի անունով: Եվ նրանք աղոթք անելիս՝ շարժվեց այն տեղը, ուր հավաքված էին և ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և Աստծո խոսքը խոսում  էին համարձակությամբ» (Գոր.4.23-31):

Խնդրվածքի աղոթք՝ «Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլ.4.6):

Ծննդկանի աղոթքի ժամանակ Աստված մեզ օգտագործում է երկրի վրա նոր բաներ իրականացնելու համար: Չէ՞ որ մենք զուր չենք աղոթում՝ «…Թող գա Քո Արքայությունը, թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6.10):

Մինչ պատերազմական աղոթքի մասին խոսելը՝ կարևոր է ևս մեկ անգամ  հիշել, որ Հիսուսն արդեն գինը վճարել է. Նա իշխանությունը վերցրել է հակառակորդից և խայտառակել նրան:

«Իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց Իրենում» (Կողոս. 2.15):

Հիսուսն Իր հարությունից հետո ասաց. «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրում» (Մատթ. 28.18):

Այն իշխանությունը, որով Աստված օժտել էր Իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդուն, որպեսզի նա տիրեր և իշխեր (Ծննդ.1.28), սատանան գողացել էր, բայց խաչի վրա Հիսուսի կատարած հաղթանակի շնորհիվ դա վերադարձված է եկեղեցուն:

Ըստ Քենեթ Հեգինի ուսմունքի՝ ամենավտանգավոր թշնամին, որին հաջողվում է հարստահարել եկեղեցին, դևերի և հոգևոր պատերազմի մասին աղավաղված մտածելակերպն է, ինչպես նաև աղավաղված հավատքը: Հիսուսն արդեն մարտնչել է սատանայի դեմ և հաղթել է: Մենք պետք է գրավենք այն դիրքը, որ ունենք Խոսքի մեջ՝ պարտված թշնամու հանդեպ: Մենք Աստծո բանակն ենք՝ իշխանության բանակը, թշնամու տարածքը զավթած բանակը, որն ի կատար է ածում մեր Գլխավոր Հրամանատարի՝ Տեր Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակը:

Պատերազմական աղոթքի ժամանակ մարտի դաշտը մեր մտածելակերպն է. մենք առաջին հերթին պայքար ենք տանում մեր հավատքի համար, և երբ մեր հավատքը բարձրանում է, իշխանությամբ և Հիսուս Քրիստոսի անունով հակառակորդից պահանջում ենք մեզ պատկանող խոստումները:

Մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով աղոթելու և փոխելու ինչպես մեր, այնպես էլ մեր հարազատների և մտերիմների կյանքը: Մեր  աղոթքներում օգտագործելով Հիսուս Քրիստոսի անունը՝ մենք կարող ենք կապել և քանդել սատանայի ազդեցությունը մարդկանց կյանքերի վրայից: Մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով փոխելու նույնիսկ երկրների ճակատագրերը, իհարկե՝ Աստծո կամքի համաձայն: Որպես քրիստոնյաներ՝ մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով կապելու սատանայի ուժերը երկրի քաղաքական թատերաբեմում և պահանջելու, որ սատանան ձեռքերը քաշի երկրի կառավարական, տնտեսական և հասարակական կյանքից: Երբ Հիսուսի մարմինն աղոթում է, երկնքում (առաջին  և երկրորդ երկնքում, որտեղ գործում են դևերը) շատ ավելին է տեղի ունենում, քան մենք կարող ենք պատկերացնել: Կգերակշռե՞ն արդյոք  հրեշտակները երկնքում, թե՞ ոչ, կախված է մեզնից, մեր խոսքերից և աղոթքներից, որոնք  այստեղ՝ երկրի վրա, հռչակում ենք տվյալ իրավիճակի համար:

Քենեթ Հեգինի տեսիլքում Հիսուսը նրան սովորեցնում էր. «Դու   իշխանություն վերցրու դևերի երեք դասակարգերի վրա, իսկ Ես կհոգամ երկնքում գտնվող հոգևոր չար ուժերի մասին»:

Իշխանությունները, պետությունները և այս աշխարհի խավարի աշխարհակալները դևերի այն դասակարգերն են, որոնք անմիջապես ազդում են մեր կյանքի վրա, որովհետև նրանք իշխում են մեր տարածքում: Այստեղ՝ երկրի վրա, մենք կարող ենք նրանց կապել և իշխանություն վերցնել նրանց վրա Հիսուսի անունով: Եվ եթե մենք օգտագործում ենք մեր իշխանությունը Քրիստոսում, Հիսուսը կլուծի երկնքում գտնվող չար ոգիների հարցերը:

«Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վրա կապեք, երկնքում էլ կապված կլինի, և ինչ որ երկրի վրա արձակեք, երկնքում էլ արձակված կլինի» (Մատթ. 18.18):

«Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Ուրեմն, սիրելի՛ եղբայրներ, հաստա՛տ եղեք, անշա՛րժ մնացեք, ամեն ժամանակ ավելի առաջացե՛ք Տիրոջ գործում, իմացե՛ք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տերում» (Ա Կորնթ. 15.57,58):

Օգտագործված գրականություն՝ Մերի Էլիս Իսլեյբ «Արդյունավետ աղոթք» Քենեթ Ի. Հեգին «Հաղթական Եկեղեցի»  , «Աղոթքի արվեստը»

 

Կարդալ: Russian English