ԻՄ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

Մայիս 6, 2018 nagasaki

ԻՄ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

            Բարև Ձեզ: Ես Արևն եմ` 17 տարեկան:  Ծնվել եմ գյուղում` աղքատ ընտանիքում: Հայր չունեի, իսկ  մայրս չէր կարողանում մեզ պահել:

 Այդ պատճառով ինձ ու երկու եղբայրներիս  տարել էր գիշերօթիկ հաստատություն: Մենք միայն ամառային արձակուրդներին էինք տուն վերադառնում: Գիշերօթիկում ունեի մտերիմ ընկերուհի` Օվսաննան,  ով  հավատացյալ էր և ինձ պատմել էր Հիսուսի մասին: Մենք միասին կարդում էինք մանկական  Աստվածաշունչը և ամեն գիշեր աղոթում էինք: Օվսաննան ինձ ասել էր, որ եթե Հիսուսից մի բան խնդրեմ, Նա անպայման կանի: Ես ինչ որ ուզում էի, Հիսուսից էի խնդրում: Երազում էի լինել հարուստ, ունենալ լավ կյանք, լավ ծնողներ: Անկեղծ ասած` չէի էլ հավատում, որ իմ երազանքները կկատարվեն: Սակայն կատարվեցին, որովհետև Աստված փառավոր է, և Նա մեր աղոթքներն անպատասխան չի թողնում:

          Մենք ունեինք մի ծանոթ,  ով ապրում էր Երևանում և միշտ  նվերներով գալիս էր գյուղ` մեզ տեսնելու: Մի անգամ, երբ գյուղում էի, նա եկավ և ինձ առաջարկեց մի քանի օրով գնալ Երևան` իրենց տուն: Ես համաձայնեցի: Ինձ համար այնտեղ շատ լավ էր, ես չէի ուզում վերադառնալ գյուղ, առավել ևս` գիշերօթիկ հաստատություն:Մի քանի օր հետո այդ կինը` Գայանեն, ինձ հարցրեց, թե կուզե՞մ  իրենց հետ ապրել, իր և իր ամուսնու` Մանուկի օրինական զավակը դառնալ: Ես ասացի, որ շատ եմ ուզում: Աղոթում էի, որ նրանք ինձ շուտ որդեգրեն: Որոշ ժամանակ անց նրանք ինձ որդեգրեցին, և իմ կյանքը փոխվեց: Ես արդեն ապրում էի Երևանում, իմ նոր ընտանիքը լավ էր ապրում, իմ երազանքը կատարվել էր: Սկզբում կարոտում էի մայրիկիս և երկու եղբայրներիս, բայց շուտով համակերպվեցի, որովհետև շատ հիշողություններ չունեի նրանց հետ կապված: Քաղաքը գյուղից շատ էր տարբերվում: Ես կարմրաթուշ էի: Դպրոցում ինձ ծաղրում էին թե՛ արտաքին տեսքիս, թե´ կարմիր այտերիս համար: Հասակակիցներիցս ետ էի մնում ուսման մեջ: Ծնողներս ինձ համար ուսուցիչ վարձեցին, որ դասերիս զուգահեռ անհատական պարապմունքներ ստանամ: Փա՜ռք Աստծուն, մեկ տարվա մեջ գերազանցիկ դարձա: Սակայն փոխվելու շատ տեղ ունեի: Ծնողներս հավատացյալ էին: Նրանք ամեն ինչ անում էին, որ ես լավ մարդ դառնամ: Մենք միասին գնում էինք եկեղեցի: Ու թեև Աստված պատասխանել էր իմ աղոթքներին, հրաշքներ էր արել իմ կյանքում, միևնույնն է, ամբողջությամբ չէի հավատում Նրան: Չէի հասկանում, թե Նա որքան է ինձ սիրում և ինչ է արել ինձ համար: Ծնողներիս հետ հաճախ անհամաձայնություններ, վեճեր էի ունենում: Մենք տարբեր բնավորություններ ունեինք և հաճախ իրար չէինք հասկանում: Նրանք տարիներ շարունակ փորձում էին ինձ ճիշտ ուղղու վրա դնել, բայց ապարդյուն: Երբեմն ճարահատյալ ասում էին, որ եթե չփոխվեմ, ինձ ետ կուղարկեն: Ես էլ էի հոգնել իմ սխալներից և ուզում էի փոխվել, սակայն իմ ուժերով չէի կարողանում:Մայրիկիս ընկերուհիներից մեկը խորհուրդ տվեց` ինձ ընդունել Սոցիալական ծառայության Զարգացման կենտրոն: Մայրս չէր հավատում, թե ինչ-որ բան կփոխվի, բայց դա վերջին հնարավորությունն էր ինձ օգնելու, և նրանք փորձեցին:

           Մի քանի շաբաթ է, ինչ հաճախում եմ Կենտրոն և ինձ շատ լավ եմ զգում` երջանիկ, սիրված, կարևոր:  Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնք, ի զարմանս ինձ, շփվում են ինձ հետ, ինչը չեմ կարող ասել դպրոցական ընկերներիս մասին: Հանդիպում եմ հոգեբանի հետ: Այս մի քանի շաբաթների ընթացքում տեսանելի փոփvխություն կա  թե՛ իմ մեջ, թե՛ մեր ընտանիքում: Մասնակցում եմ  Կենտրոնում գործող բոլոր խմբակներին: Հատկապես ուրախ եմ, որ խաղալու եմ ,,Զմրուխտե քաղաք,, ներկայացման մեջ:

            Ուզում եմ, որ իմ կյանքում Աստված փառավորվի: Հավատում եմ, որ Նրա հետ կարող եմ հասնել հաջողությունների: Նա ինձ կօգնի, որովհետև Նրա համար անհնարին բան չկա: Առանց Նրա կամքի իմ կյանքում ոչինչ չի եղել և չի լինի: Փա՜ռք ամենակարող Աստծուն: 

Կարդալ: Russian English