Ես Լիանա Ադամյանն եմ, ծնվել եմ մեծ ու հրաշալի ընտանիքում: Սակայն մեր ընտանիքում տեղի ունեցավ մի այնպիսի շրջադարձ, որը հոգեբանորեն ջախջախեց քույրերիս, եղբայրներիս և ինձ: 2015 թվականին կորցրինք մեր ծնողներին. այդ չարաբաստիկ տարին ամենադաժանն էր մեզ համար:
Մեր ընտանիքը հիմնովին խարխլվեց. մնացինք տասնմեկ երեխա` որոնցից ութն անչափահաս էին: Ծնողներիս կորուստը ծանր էր բոլորիս համար: Հատկապես ծանր էր մեծ քույրիկիս ու եղբայրներիս համար, ովքեր փորձում էին ավելի ամուր կանգնել իրենց դողացող ոտքերի վրա՝ վերցնելով ընտանիքի հոգսն իրենց ուսերին:
Մենք ունեցել ենք շատ դաժան, ցավով և լացով անցկացրած օրեր, և այդ վիճակը մեզ ստիպեց չարանալ Աստծո և մարդկանց դեմ: Մենք նեղացել էինք Աստծուց, որ Նա վերցրեց մեր ծնողներին և մեզ մենակ թողեց:
Այդ ժամանակ պարփակվել էինք մեր մեջ, նույնիսկ ընկերներ չունեինք: Ամեն մեկս, ընտանեկան հոգսի մեր բաժինը վերցրած, մեծ պատասխանատվությամբ փորձում էինք օգտակար լինել միմյանց: Մենք հաճախում էինք դպրոց և դասերից հետո մեր համադասարանցիների նման չէիք վազում տուն ու տրվում խաղերին, այլ զբաղվում էինք օրվա հացի խնդիրը լուծելով:
Այդ դժվարին ժամանակաշրջանում էր, որ մեզ այցելեց Գեղեցիկ Սահակյանը` Զարգացման կենտրոնի ծառայողներից մեկը: Նա մեզ հետ զրուցեց, պատմեց Կենտրոնի մասին և առաջարկեց հյուր գնալ իրենց: Սկզբում մենք խուսափում էինք մարդկանց հետ շփումից, վախենում էինք նույնիսկ տնից դուրս գալուց: Ի վերջո, երեք քույրերով և զույգ եղբայրներով որոշեցինք հաճախել Զարգացման կենտրոն:
Կենտրոնի ուսուցիչների և երեխաների սերը մեր մեջ վերականգնեց հավատքն ու վստահությունը Աստծո և մարդկանց նկատմամբ: Այնտեղ մեր կյանքը փոխվեց, մենք հասկացանք, որ ունենք Երկնային Հայր, ով մեզ երբեք չի թողել և չի թողնի, որովհետև սիրում է մեզ: Ընդգրկվեցինք տարբեր հետաքրքիր խմբակների մեջ: Կենտրոնում մեզ ամեն բան դուր էր գալիս:
Երբ կորցրինք մեր ծնողներին, շատերը մեզ ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում, սակայն Կենտրոնոմ մենք ստացանք ավելին` այն, ինչ բառերով չենք կարող ներկայացնել: Այլևս մեզ որբ չենք զգում, ազատագրվել ենք վախերից, կարողանում ենք շփվել մարդկանց հետ, ինքնուրույն քայլեր կատարել, մի խոսքով` դուրս գալ մեր կղզիացած տարածքից: Դպրոցում նույնպես շատերը զարմանում են` տեսնելով մեր ակնհայտ փոփոխությունը:
Զարգացման կենտրոնում սովորում ենք տիկնիկագործություն, նկարչություն, խոհարարական գաղտնիքներ, պար, օտար լեզուներ, համակարգչային ծրագրեր: Մասնակցում ենք տարբեր միջոցառումների, այցելում ենք այնպիսի մշակութային վայրեր, որոնց մասին նույնիսկ չէինք կարող երազել: Մենք բազմակողմանի զարգանում ենք:
Շնորհակալություն Աստծուն` մեզ չմոռանալու, մեր առջև նոր հնարավորություններ բացելու, ամեն դժվարության մեջ մեզ օգնելու համար: Անչափ շնորհակալություն նաև ,,Գնացեք, տեսեք,, գթության ծառայությանը` իր հոգատարության և աջակցության համար: