Ես Միքայել Քոչարյանն եմ: Ծնողներս աստվածապաշտ են: Ուզում եմ պատմել իմ կյանքում կատարված հրաշքի մասին:
Տարիներ առաջ, երբ արդեն 7 տարեկան էի, և ծնողներս նախապատրաստում էին անհրաժեշտ փաստաթղթերը` ինձ դպրոց ընդունելու համար, բժշկական հետազոտության ժամանակ պարզվեց, որ աչքերս շատ վատ են տեսնում, ինչը չէին նկատել նույնիսկ ծնողներս: Բժիշկը մեզ հայտնեց, որ աջ աչքս տեսնում է ընդամենը 30 տոկոսով, իսկ ձախը` 20 տոկոսով: Ինձ մոտ հայտնաբերվեց նաև աստիգմատիզմ հիվանդությունը, որը, ըստ բժիշկների, անհնար էր բուժել: Հիշում եմ, թե ինչպես հիվանդանոցում ինձ ասացին, որ ամբողջ կյանքում պետք է ակնոց դնեմ, բժիշկների մշտական հսկողության տակ լինեմ, և եթե նույնիսկ տեսողությունս լավանա, միևնույնն է, այդ հիվանդությունը ինձ ամբողջ կյանքում կուղեկցի:
Ես ծնողներիս հետ միշտ եկեղեցի էի հաճախում: Այդ ժամանակ դեռ շատ փոքր էի, որ աղոթքով պայքարեի հիվանդության դեմ, սակայն իմ փոխարեն դա անում էր մայրս. նա ջանասիրաբար, մեծ սիրով ու հավատքով աղոթում էր ինձ համար: Ամեն անգամ, երբ եկեղեցում հիվանդների համար աղոթք էր լինում, մայրս ձեռքը դնում էր գլխիս և ինձ համար բժշկություն էր խնդրում` հավատալով, որ Տերը կարող է բժշկել:
Շուտով եկավ սեպտեմբերի 1-ը, և ես գնացի դպրոց` արդեն ակնոցով: Համադասարանցիներս ինձ ծաղրում էին, տարբեր մականուններ էին տալիս` «Քոռ», «Շուրիկ» և այլն: Այդ ամենը ինձ շատ էր վշտացնում: Ես թերարժեքություն էի զգում: Գրեթե ամեն օր մայրս ինձ հետ դպրոց էր գալիս, զրուցում ուսուցչուհուս, համադասարանցիներիս հետ, որպեսզի ինձ չնեղացնեն, սակայն ապարդյուն:
Տարիներ անցան, և եկեղեցական ծառայություններից մեկի ժամանակ, երբ կրկին առաջ կանչեցին բոլոր հիվանդներին, որպեսզի աղոթեն նրանց համար, ես նույնպես վազեցի առաջ` ստանալու իմ բժշկությունը: Այդ օրը, երբ տուն եկանք, ես հայտարարեցի, որ այլևս ակնոց չեմ դնելու: Իմ հայտարարությունից ծնողներս շատ վախեցան, սկսեցին ինձ հորդորել, որ համբերեմ գոնե մինչև հերթական ստուգումը: Սակայն ես որոշել էի, որ դա վերջին օրն էր: Այդ ժամանակ ես ընդամենը 10 տարեկան էի: Որոշ ժամանակ անց մենք կրկին գնացինք հերթական ստուգումների: Հետազոտման ժամանակ բժիշկը հանկարծ շփոթվեց և զարմացած ասաց. «Ձեր որդու տեսողությունը վերականգնվել է 100 տոկոսով. ակնոցն իր օգուտը տվեց»: Ես անմիջապես ասացի, որ երկար ժամանակ է, ինչ ակնոց չեմ դնում, և դա Աստծո հրաշքն է. Նա է, որ ինձ բժշկել է: Ամենազարմանալին այն է, որ վերացավ նաև ասիգմատիզմը`այն հիվանդությունը, որն անբուժելի էր համարվում:
Այն, ինչ անկարելի է բժիշկների համար, հնարավոր է Տիրոջ համար: