Ս ոցիալական ծառայության կենտրոնը ոչ միայն սիստեմատիկ աղոթքածառայություններ է անցկացնում, այլև՝ ունի եռամսյա աղոթքադպրոց: Աղոթքադպրոցում սովորում են և՛ սոց. ծառայության կամավորականները, և՛ շահառուները, քանի որ Աստծո Խոսքն է ասում. «Քանդի՛ր անիրավության կապանքները, բա՛ց արա լուծի կոշկոռները և ջարդվածներին ազատիր» Ես. 58.6-7:
Միայն աղոթքով կարելի է քանդել աղքատության կապանքները, կոտրել բռնության լուծը, ստանալ ֆիզիկական, հոգու և շնչի բժշկություն: Աղոթքադպրոցում ոչ միայն սովորում են «Ի՞նչ է հավատքը», քանի որ առանց հավատքի հնարավոր չէ որևէ աղոթքի պատասխան ստանալ, «Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա, և թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբր 11.6), այլև սովորում են ճիշտ աղոթել:
Աղոթքը շփում և ընկերություն է Աստծո հետ: Այն հսկայական զորություն ունի, գործում է և ուղղակի անհրաժեշտ է մեր քրիստոնեական կյանքի համար:
Աղոթքը կյանքի ոճ է: Մեր հոգևոր կյանքի համար աղոթքը նույնն է, ինչ շնչառությունը՝ մարմնի համար: Եթե մենք դադարենք շնչելուց, հասկանալի է, թե ինչ կլինի. մենք կմահանանք: Աղոթքը Աստծո շունչն է, որ կենդանություն ու թարմություն է տալիս մեր հոգուն և Աստծո հետ փոխհարաբերություններին: Այն պահպանում է նաև մեր ազատությունը և ուժ տալիս թշնամու դեմ պայքարում: Ահա թե ինչու յուրաքանչյուր հավատացյալ պետք է աղոթի:
Շատերը հարցնում են, թե ինչու անպայման պետք է աղոթել ինչ-որ բան ստանալու համար: Աստված մեզ տվել է ազատ կամք, ուստի մեր ցանկություններն ու սրտաքին աղաչանքները պետք է ուղղենք Աստծուն, որպեսզի Նա միջամտի մեր կյանքին:
Հովհաննես 16.24-ում ասվում է. «Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով. խնդրե՛ք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի»:
Յուրաքանչյուր ոք կանչված է աղոթելու: Դա Հիսուսի պարգևն է: Նա միշտ պատասխանում է արդարի խնդրվածքին:
«Եղիան մարդ էր մեզ պես՝ կրքի ենթակա, և ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, և անձրև չեկավ երկրի վրա երեք տարի և վեց ամիս: Եվ դարձյալ աղոթք արեց, և երկինքն անձրև տվեց, և երկիրն իր պտուղը բուսեցրեց» (Հակոբ. 5.17,18):
Աստվածաշնչում՝ Հայտնության գրքում, ասվում է, որ սուրբերի աղոթքը խունկի նման անուշահոտ է Աստծո գահի առջև: Մենք գոհանում ենք Աստծուց, որ Հիսուսը խաչվեց և հարություն առավ, որովհետև այդ ճանապարհով Նա վճարեց այն ամենի համար, ինչի կարիքը մենք ունենք: Աղոթելով՝ մենք ճեղքում ենք խավարի ուժերի դիմակայությունը և ձեռք ենք բերում Աստծո կամքի դրսևորումը, որպեսզի իրականացնենք Նրա ծրագիրը երկրի վրա: Աղոթքի շնորհիվ է, որ ազատագրվում է Նրա զորությունը, որպեսզի կատարվի այն, ինչի համար խնդրում ենք՝ մարդիկ ազատագրվեն խավարի իշխանությունից և կապանքներից, քանդվեն սատանայի գործերը, լրացվեն կարիքները: Աղոթքը կարող է շատ բան փոխել, բայց ոչ թե ուղղակի աղոթքն է փոփոխություն բերում, այլ՝
- հավատքով աղոթքը.
«Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով, կառնեք» (Մատթ. 21.22):
- Աստծո Խոսքի հիման վրա աղոթքը.
Երբ աղոթքով մոտենում ենք Աստծուն, պետք է հստակ գիտակցենք՝ Ով Է Նա և ինչ կարող է անել, այսինքն՝ հասկանանք Նրա մեծությունը:
Նա այն Աստվածն է, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ գոյություն և կյանք ունի: Նա կար, կա և կլինի: Ուստի Նրան գոհություն ու փառք ենք տալիս: «Հայր մեր» աղոթքը հենց փառաբանությամբ է սկսվում.
«Հա՛յր մեր, որ երկնքում ես, սո՛ւրբ թող լինի Քո անունը» (Մատթ. 6.9):
Մենք աղոթում ենք Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով:
Խաչի վրա Հիսուսն արդեն վճարել է մեր փրկության համար: Նա մեզ փրկել է ոչ միայն դժոխքից, այլև մեր կյանքի ցանկացած իրավիճակից:
«Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից՝ մեզ համար անեծք լինելով, (որովհետև գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը): Որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով… » (Գաղատ. 3.13,14):
Երկնքում ամեն բան արդեն արված է. մենք միայն պետք է համաձայնենք Նրա հետ մեր աղոթքներում:
Աղոթքը ոչ միայն խնդրվածք է, այլև կենդանի փոխհարաբերություն, շփում Աստծո հետ: Մենք վերապրում ենք Նրա ներկայությունը, երկրպագում և շնորհակալություն հայտնում Նրան: Պատասխանված աղոթքների քանակը և որակը չեն չափվում աղոթողի շատախոսությամբ կամ աղոթքի երկարատևությամբ, այլ՝ Աստծո հետ ունեցած մտերիմ և վստահելի փոխհարաբերություններով, ինչպես նաև աղոթողի սրտից բխող ջերմեռանդ աղաչանքներով:
Աղոթքները տարբեր են լինում: Հնարավոր չէ ամեն ինչ խառնել իրար, և չկա մեկ բաղադրատոմս բոլոր իրավիճակների համար: Մենք չենք կարող հոկկեյի մականով ֆուտբոլ խաղալ: Եթե հետևենք Սուրբ Հոգուն, Նա մեզ կօգնի՝ աղոթելու տարբեր եղանակներով և ձևերով, որովհետև Նա մեզ առաջնորդում է Աստծո Խոսքի համաձայն:
«Աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով, և սրանում հսկեք հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփ.6.18):
Ըստ Մերի Էլիսի և Քենետ Հեգինի ուսմունքների աղոթքները լինում են՝
- Հավատքի աղոթք
- Նվիրման, սրբության և հնազանդության աղոթք
- Մեր հոգսերն Աստծուն հանձնելու աղոթք
- Խմբակային աղոթք
- Փառաբանության, երկրպագության աղոթք
- Համաձայնության աղոթք
- Ապաշխարության աղոթք
- Բարեխոսական աղոթք
- Լեզուներով աղոթք
- «Ծննդկանի» աղոթք
- Խնդրվածքի աղոթք և այլն:
Ապաշխարության աղոթքն ասվում է հոգևոր ծննդի ժամանակ, երբ մարդն ապաշխարում է և Հիսուս Քրիստոսին որպես իր Փրկիչ ընդունում: Այս աղոթքն Աստված մեզ տվել է, որպեսզի գործածենք մեր ամբողջ քրիստոնեական կյանքի ընթացքում՝ ոչ թե կրկին ու կրկին փրկվելու, այլ Աստծո առջև մեր սիրտն ու կյանքն անարատ պահելու համար:
«Ապաշխարել» բառը նշանակում է «փոխվել», այսինքն՝ շրջվել և գնալ այլ ուղղությամբ:
«Ուրեմն զղջացե՛ք և ե՛տ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան…» (Գործք 3.19,20):
Ապաշխարության աղոթքը շատ կարևոր է, որովհետև երբ ապաշխարում ենք, անմիջապես ներում ենք ստանում, և այդ բնագավառում վերածնունդ է սկսվում:
Մենք արդեն ասել ենք, որ հավատքը բանալի գործոն է հանդիսանում ցանկացած աղոթքի համար, բայց կա յուրահատուկ աղոթք՝ հավատքի աղոթք, որով աղոթում ենք ինքներս՝ մեր, մեր մտերիմների ու հարազատների համար, մինչև որ Խոսք ստանանք և Խոսք ստանալով, հռչակում ենք այն՝ հավատքով կանգնած:
«Եվ մի կին, որ արյունի տեռատեսությամ մեջ էր տասներկու տարի ու շատ բժիշկներից շատ չարչարվել էր և իր բոլոր ունեցածը ծախսել էր և ոչ մի օգուտ չէր ստացել, այլ էլ ավելի էր վատացել, երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի մեջ ետևից եկավ, կպավ Նրա հանդերձին: Որովհետև ասում էր, որ, եթե միայն Նրա հանդերձին կպնեմ, կփրկվեմ: Եվ շուտով նրա արյունի աղբյուրը ցամաքեց և նա իմացավ, որ այն տանջանքից բժշկվեց» (Մարկ.5.25-29):
Կինը իր սրտում հայտնություն ստանալով՝ հավատքով հռչակում է. «Որովհետև ասում էր, որ, եթե միայն Նրա հանդերձին կպնեմ, կփրկվեմ», և բժշկություն է ստանում:
Երբ մենք աղոթում ենք ուրիշների համար, դա կոչվում է բարեխոսական աղոթք: Հիսուսը բարեխոս է երկնքում, մենք, լինելով քահանաներ՝ երկրի վրա:
«Բայց սա, որովհետև հավիտյան է կենում, քահանայություն ունի անանցանելի: Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն անի» (Եբր.7.24-25):
«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար» (1Տիմ.2.1):
Հավատքի աղոթքը տարբերվում է բարեխոսական աղոթքից: Մենք աղոթում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեր մտերիմների և հարազատների: Եվ եթե բարեխոսական աղոթքով աղոթում ենք այնքան, մինչև արդյունք ունենանք, ապա հավատքի աղոթքով՝ ոչ այնքան երկար, մինչև որ խոսք ստանանք և սկսենք հավատքով դավանել:
Լեզուներով աղոթքը Սուրբ Հոգու աղոթքն է առ Աստված: Այդ շփման շնորհիվ մենք զգայուն ենք դառնում լեզուների աղբյուրի՝ Սուրբ Հոգու նկատմամբ, և հասկանում ենք, թե ինչպես և երբ գործածենք այդ պարգևը:
- Երբ աղոթում ենք այլ լեզուներով, նոր հայտնություններ, ծրագրեր, գաղափարներ ենք ստանում Աստծուց:
- Այլ լեզուներով կարելի է աղոթել ինչ-որ նպատակի համար:
- Սուրբ Հոգու լեզուները օգտագործվում են նաև հոգևոր սպառազինության համար:
Իհարկե, մեր խնդրանքները և կարիքները կարելի է նաև արտահայտել՝ աղոթելով մեր սովորական լեզվով, և Սուրբ Հոգու շնորհիվ դրանք կլսվեն Աստծո կողմից:
Ինչ էլ սատանան օգտագործի ձեր դեմ, Աստված ունի զենք՝ թշնամուն հաղթելու համար: Լեզուներով աղոթքն այդ զենքերից մեկն է: Լեզուների ետևում կանգնած զորությունը՝ Տիրոջ Հոգին է. Նա է զենքը: Հիսուսն Ինքն էլ ասաց, որ դևերին քշում է Աստծո Հոգով (Մատթ. 12.28): Դուք ունեք նույն Սուրբ Հոգին: Աղոթե՛ք լեզուներով, միավորե՛ք Աստծո պարգևներն ու զենքերը և դրանք օգտագործե՛ք թշնամու՝ սատանայի դեմ:
«Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք, բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում: Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմ. 8.26,27):
Նվիրման աղոթքով մենք մեր կյանքը նվիրում ենք Աստծուն, որպեսզի Նա օգտագործի այն Իր նպատակները իրականացնելու համար: Այդ աղոթքի ժամանակ մենք աղոթում ենք. «Եթե քո կամքն է»:
«Եվ ասում է. Հայր, եթե կամենաս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկ.22.42):
Հանձնելու աղոթքով՝ Աստծուն ենք հանձնում մեր բոլոր հոգսերը. «Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգս է անում ձեր համար» (1Պետ.5.7):
Երկրպագության աղոթք՝ «Եվ նրանք երկրպագեցին Նրան, և մեծ ուրախությունով ետ դառան Երուսաղեմ: Եվ ամեն ժամանակ տաճարումն էին, գովում և օրհնում էին Աստծուն: Ամեն» (Ղուկ. 24.52-53):
Համաձայնության աղոթք՝ «Դարձյալ ասում եմ ձեզ՝ եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորիցը որ երկնքումն է: Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունովը հավաքված լինեն՝ Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատ.18.19-20):
Միաբան աղոթք՝ «Եվ արձակվելուց հետո եկան ընկերների մոտ ու պատմեցին ինչ որ քահանայապետերը և ծերերը ասեցին նրանց: Եվ նրանք երբ լսեցին, միաբանությամբ իրենց ձայները բարձրացրին դեպի Աստված և ասեցին. Տեր, դու ես Աստված, որ արիր երկինքը և երկիրը, ծովը և նրանց մեջի բոլոր բաները: Որ քո Դավիթ ծառայի բերանով խոսեցիր և ասեցիր. Ինչու՞ համար ազգերը խռովեցին և ժողովուրդները ունայն բաներ մտածեցին: Երկրի թագավորները վերկացան, և իշխանները մեկտեղ հավաքվեցին Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ: Որովհետև արդարև հավաքվեցին քո սուրբ Որդի Հիսուսի վրա, որին օծեցիր, Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ և Իսրայելի ժողովրդի հետ, որ անեն՝ ինչ որ քո ձեռքը և կամքն առաջուց սահմանեց լինելու: Եվ հիմա, Տեր, նայիր նրանց սպառնալիքին և տուր քո ծառաներին բոլոր համարձակությունով քո Խոսքը խոսել: Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկություն և նշաններ և հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Հիսուսի անունով: Եվ նրանք աղոթք անելիս՝ շարժվեց այն տեղը, ուր հավաքված էին և ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ» (Գոր.4.23-31):
Խնդրվածքի աղոթք՝ «Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլ.4.6):
Ծննդկանի աղոթքի ժամանակ Աստված մեզ օգտագործում է երկրի վրա նոր բաներ իրականացնելու համար: Չէ՞ որ մենք զուր չենք աղոթում՝ «…Թող գա Քո Արքայությունը, թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6.10):
Մինչ պատերազմական աղոթքի մասին խոսելը՝ կարևոր է ևս մեկ անգամ հիշել, որ Հիսուսն արդեն գինը վճարել է. Նա իշխանությունը վերցրել է հակառակորդից և խայտառակել նրան:
«Իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց Իրենում» (Կողոս. 2.15):
Հիսուսն Իր հարությունից հետո ասաց. «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրում» (Մատթ. 28.18):
Այն իշխանությունը, որով Աստված օժտել էր Իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդուն, որպեսզի նա տիրեր և իշխեր (Ծննդ.1.28), սատանան գողացել էր, բայց խաչի վրա Հիսուսի կատարած հաղթանակի շնորհիվ դա վերադարձված է եկեղեցուն:
Ըստ Քենեթ Հեգինի ուսմունքի՝ ամենավտանգավոր թշնամին, որին հաջողվում է հարստահարել եկեղեցին, դևերի և հոգևոր պատերազմի մասին աղավաղված մտածելակերպն է, ինչպես նաև աղավաղված հավատքը: Հիսուսն արդեն մարտնչել է սատանայի դեմ և հաղթել է: Մենք պետք է գրավենք այն դիրքը, որ ունենք Խոսքի մեջ՝ պարտված թշնամու հանդեպ: Մենք Աստծո բանակն ենք՝ իշխանության բանակը, թշնամու տարածքը զավթած բանակը, որն ի կատար է ածում մեր Գլխավոր Հրամանատարի՝ Տեր Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակը:
Պատերազմական աղոթքի ժամանակ մարտի դաշտը մեր մտածելակերպն է. մենք առաջին հերթին պայքար ենք տանում մեր հավատքի համար, և երբ մեր հավատքը բարձրանում է, իշխանությամբ և Հիսուս Քրիստոսի անունով հակառակորդից պահանջում ենք մեզ պատկանող խոստումները:
Մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով աղոթելու և փոխելու ինչպես մեր, այնպես էլ մեր հարազատների և մտերիմների կյանքը: Մեր աղոթքներում օգտագործելով Հիսուս Քրիստոսի անունը՝ մենք կարող ենք կապել և քանդել սատանայի ազդեցությունը մարդկանց կյանքերի վրայից: Մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով փոխելու նույնիսկ երկրների ճակատագրերը, իհարկե՝ Աստծո կամքի համաձայն: Որպես քրիստոնյաներ՝ մենք իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով կապելու սատանայի ուժերը երկրի քաղաքական թատերաբեմում և պահանջելու, որ սատանան ձեռքերը քաշի երկրի կառավարական, տնտեսական և հասարակական կյանքից: Երբ Հիսուսի մարմինն աղոթում է, երկնքում (առաջին և երկրորդ երկնքում, որտեղ գործում են դևերը) շատ ավելին է տեղի ունենում, քան մենք կարող ենք պատկերացնել: Կգերակշռե՞ն արդյոք հրեշտակները երկնքում, թե՞ ոչ, կախված է մեզնից, մեր խոսքերից և աղոթքներից, որոնք այստեղ՝ երկրի վրա, հռչակում ենք տվյալ իրավիճակի համար:
Քենեթ Հեգինի տեսիլքում Հիսուսը նրան սովորեցնում էր. «Դու իշխանություն վերցրու դևերի երեք դասակարգերի վրա, իսկ Ես կհոգամ երկնքում գտնվող հոգևոր չար ուժերի մասին»:
Իշխանությունները, պետությունները և այս աշխարհի խավարի աշխարհակալները դևերի այն դասակարգերն են, որոնք անմիջապես ազդում են մեր կյանքի վրա, որովհետև նրանք իշխում են մեր տարածքում: Այստեղ՝ երկրի վրա, մենք կարող ենք նրանց կապել և իշխանություն վերցնել նրանց վրա Հիսուսի անունով: Եվ եթե մենք օգտագործում ենք մեր իշխանությունը Քրիստոսում, Հիսուսը կլուծի երկնքում գտնվող չար ոգիների հարցերը:
«Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վրա կապեք, երկնքում էլ կապված կլինի, և ինչ որ երկրի վրա արձակեք, երկնքում էլ արձակված կլինի» (Մատթ. 18.18):
«Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Ուրեմն, սիրելի՛ եղբայրներ, հաստա՛տ եղեք, անշա՛րժ մնացեք, ամեն ժամանակ ավելի առաջացե՛ք Տիրոջ գործում, իմացե՛ք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տերում» (Ա Կորնթ. 15.57,58):
Օգտագործված գրականություն՝ Մերի Էլիս Իսլեյբ «Արդյունավետ աղոթք» Քենեթ Ի. Հեգին «Հաղթական Եկեղեցի» , «Աղոթքի արվեստը»