«… ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍՈՎԵՑԻ, ԵՎ ԴՈւՔ ԿԵՐԱԿՐԵՑԻՔ, ԾԱՐԱՎ ԷԻ, ԵՎ ԽՄԵՑՐԻՔ ԻՆՁ, ՕՏԱՐ ԷԻ, ԵՎ ԻՆՁ ՁԵԶ ՄՈՏ ԱՌԱՔ…», (ՄԱՏԹ. 25.35):

Կարդալ ավելին

Մ եր նպատակն է ոչ միայն կերակրել մարդկանց, այլ նաև սովորեցնել, թե ինչպես կարելի է դուրս գալ աղքատությունից: Հաճախ աղքատությունը սխալ` աղքատ մտածելակերպի խնդիր է: Աղքատը կարիքից դուրս գալու մասին մտածելու փոխարեն, մտածում է, թե բոլորն իրեն պարտական են, և անվերջ սպասում է, թե ով իրեն կօգնի: Նա երբեք չի մտածում, թե ինքն ինչով կարող է օգտակար լինել ուրիշներին:

«Տվողին տրվում է» աստվածաշնչյան սկզբունքը գործում է աշխարհում: Այդ պատճառով շատ կարևոր է օգնել, որ մարդիկ ազատվեն աղքատ մտածելակերպից, սկսեն ճիշտ մտածել իրենց կյանքի և ապագայի մասին և ճիշտ քայլեր անել:


Այսօր շատ անհատներ և կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են բարեգործությամբ: Ոմանք բարեգործություն են անում իրենց խիղճը հանգստացնելու, մյուսները՝ անուն վաստակելու, «ազգի մեծահարուստ» հռչակվելու համար: Շատերն էլ ոչինչ չեն անում՝ մտածելով, թե բարեգործությամբ զբաղվելու համար մեծ գումարներ են հարկավոր: Մինչդեռ ճշմարիտ բարեգործությունը պետք է բխի ոչ թե ֆինանսի առատությունից կամ բարեգործի անուն վաստակելու ցանկությունից, այլ գթասրտությունից:

Եթե սպասենք, թե երբ բավականաչափ գումար կունենանք՝ բարեգործությամբ զբաղվելու համար, գուցե այդպես էլ հարմար առիթ չընձեռվի: Գումարը միշտ գալիս է Աստծո ձայնը լսելուց և Նրա խոսքին հնազանդվելուց հետո: Մինչև չմտնես Հորդանանի մեջ, ջրերը չեն բացվի:
Բարեգործության հիմքում պետք է լինի Աստծո պատվիրանը: Հիսուս Քրիստոսն ասաց. «…քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք… մերկ էի, և Ինձ հագցրիք…» (Մատթ. 25.35,36):

Գթության ծառայության հաջողությունը մեծ մասամբ կախված է ոչ թե ֆինանսից, այլ անձնակազմից: Հիսուս Քրիստոսն ասաց. «Հունձքը շատ է, իսկ մշակները` քիչ: Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի Իր հունձքի համար» (Մատթ. 9.37,38): Հիսուսի համար դժվար չէր 5000-ից ավելի մարդու կերակրելը: Նա հրաշքով բազմացրեց կերակուրը և բաժանեց ժողովրդին, որովհետև Իր կողքին կային մարդիկ, ովքեր Իրեն օգնում էին: Մի պատանի զոհաբերեց իր ունեցած հինգ հացն ու երկու ձուկը, իսկ աշակերտները ժողովրդին նստեցրին հիսուն-հիսուն՝ պահպանելով կարգ ու կանոնը: Դրանից հետո հրաշքը կատարվեց:
Մեր եկեղեցու գթության ծառայությունն իր գործունեությունը սկսեց մեկ մատնաքաշով, որը մի կին էր զոհաբերել: Հացը բաժանվեց չորս կարիքավորի միջև: Դրանից հետո ծառայությունն աճեց, զարգացավ, և եկեղեցին կարողացավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր` կերակրելով քաղցածներին, հասնելով անտուն թափառականներին, հումանիտար օգնություն տրամադրելով սահմանամերձ գյուղերին, ձեռք մեկնելով միայնակ ծերերին, հաշմանդամներին, փողոցում հայտնված երեխաներին:

Մենք գթությամբ չենք զբաղվում՝ մեզ մեծարելու կամ եկեղեցու անդամների շարքերը նորանոր մարդկանցով համալրելու համար: Մենք երբեք մերը չենք փնտրում, այլ անում ենք այն, ինչ Աստված է ասում: Պարզապես, մարդկանց Աստծո սերն ենք ցույց տալիս՝ փորձելով օգնել ինչով կարող ենք: Մարդիկ իրենք են հարցնում. «Դուք հավատացյա՞լ եք: Միայն Աստծո զավակները կարող են այսպես սիրել և հոգալ»: Հենց այստեղ է, որ հիշում ես Հիսուսի խոսքերը. «…որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5.16):

Եկեղեցին չպետք է վերածվի հումանիտար կազմակերպության: Եթե մենք մտածում ենք, որ մինչև մարդկանց օգնություն չբաժանենք, նրանք Աստծուն չեն գա, սխալվում ենք: Աստծո Խոսքը չի ասում` գնացեք աշխարհով մեկ և գթություն արեք, այլ` գնացեք և քարոզեք Ավետարանը: Ուստի եկեղեցու առաջին գործը պետք է լինի Ավետարանի տարածումը, և գումարների մեծ մասն այդ նպատակին պետք է ծառայի: Որքան էլ մարդուն օգնես, կերակրես, հագցնես, միևնույն է, նրա կյանքը էապես չի փոխվի, եթե նա չճանաչի Տիրոջը:
Մենք նմանօրինակ փորձառություն ունեցել ենք անտուն թափառականների հետ աշխատելիս: Ով ընդունեց Քրիստոսին, նրա կյանքը փոխվեց, նա ձեռք բերեց աշխատանք, տուն, ընտանիք, իսկ ով չընդունեց, վերադարձավ իր թափառական կյանքին:

Աղքատի ապավենն Աստված է: Եթե ուզում ենք օգնել աղքատներին, պետք է հասկանանք մի կարևոր բան` աղքատի
ապավենը եկեղեցու գթության ծառայությունը չէ, ոչ էլ Կարմիր խաչը կամ որևէ այլ հումանիտար կազմակերպություն: Սաղմոս 48.3-ում գրված է. «Աստված հայտնի է նրա պալատներում իբրև ապավեն»: Նա է աղքատին բարձրացնում աղքատության փոշուց և նստեցնում իշխանավորների հետ:

Վաղ եկեղեցում հավատացյալների մեջ կարոտություն ունեցող չկար: Ովքեր ագարակների կամ տների տեր էին, իրենց ունեցվածքը ծախում էին և գումարը բերում ու դնում առաքյալների ոտքերի առջև: Այդպիսով, ամեն մեկը ստանում էր այն, ինչի կարիք ուներ: Սա չի նշանակում, որ Աստծո Խոսքը բոլորին կոչ է անում ծախել իրենց ամբողջ ունեցվածքը և բաժանել աղքատներին: Պարզապես, եկեղեցում կային հարուստ մարդիկ, ովքեր պատրաստ էին իրենց ունեցվածքը զոհաբերելու հանուն Աստծո գործի: Գրված չէ, որ նրանք իրենց վերջինն էին տալիս: Հետևաբար, գթության աշխատանքը զգուշություն է պահանջում: Ծայրահեղությունների մեջ չընկնելու համար շատ կարևոր է ինքնագործունեությամբ չզբաղվել, այլ անել այն, ինչ Աստված ասում է Իր Խոսքում:

Շատերը, գթություն ասելով, միայն նյութական օգնություն են պատկերացնում: Սակայն գթությունը միայն դա չէ: Շատ դեպքերում մարդուն փող պետք չէ, այլ ուշադրություն է պետք, որը նրան կբարձրացնի ընկած տեղից և կօգնի առաջ շարժվելու:
Երբ մենք սկսեցինք աշխատել փողոցում հայտնված երեխաների հետ, հայտնաբերեցինք, որ նրանց մեծ մասը ծնողներ ունեին, սակայն մերժված էին նրանց կողմից: Այդ երեխաները ծնողական սիրո, խնամքի, ուշադրության կարիք ունեին: Մենք որոշեցինք նրանց վերցնել փողոցից, խնամել, դուրս բերել վատ շրջապատից ու աղքատությունից և վերադարձնել իրենց ծնողներին: Միևնույն ժամանակ աշխատեցինք նաև նրանց ծնողների հետ, որպեսզի նրանք փոխվեն և հրաշալի ընտանիք կառուցեն: Եվ դա մեզ հաջողվեց:

Կարդալ: Russian English